Հայկական ֆուտբոլին՝ հայկական մոդել

Արդեն երկար ժամանակ է, ինչ հայկական ֆուտբոլում կարևոր դերակատարություն է վստահվել իսպանացի մասնագետ՝ Խինես Մելենդեսին։ Այս ժամանակահատվածում որեւէ խոսք, որեւէ հարցազրույց, որեւէ գնահատական չեմ տվել, որը կվերաբերեր Մելենդեսի գործունեությանը։

Սպասել եմ, թե ի՞նչ կանի իսպանացին, ի՞նչ ուղղություն կտեսնենք։ Ոչ ոք կասկածի տակ չի դնում իսպանական ֆուտբոլում Մելենդեսի ունեցած ներդրումն ու մասնակցությունը։ Բայց ժամանակն է գիտակցելու, որ Մելենդեսը բացարձակ չի համապատասխանում հայկական ֆուտբոլին։ Ոչ թե մեր ֆուտբոլի մակարդակն է անհամեմատ ավելի բարձր, քան Մելենդեսի գիտելիքներն ու փորձը, այլ պատճառը բացարձակ պարզ ու հասկանալի է, մեր ֆուտբոլային, և առհասարակ, մենթալիտետը բավական հեռու է իսպանականից։ Եվ այս դեպքում ոչ թե պետք էր Մելենդեսին հրավիրել՝ իբր հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը մեզ մատուցելու, այլ պետք էր նրա փորձից ու գիտելիքից քաղել այն հատվածը, որը օգուտ կբերեր մեր ֆուտբոլին։

Մոլորություն է մտածելը, թե մենք կարող ենք «իսպանական մոդելով» զարգացնել հայկական ֆուտբոլը։ ՀՖՖ-ի նախորդ ու ներկա ղեկավարությունն այդպես էլ չցանկացավ ականջալուր լինել ֆուտբոլային մարդկանց, որպեսզի գիտակցեին, որ պետք է ոչ թե իսպանական Մելենդես, բելգիական Շիֆո, հոլանդական Վան Բրյոկելեն ու մյուսներին հրավիրել, այլ պետք էր համագործակցել մասնագետների հետ, սակայն միաժամանակ մշակել մեր ազգային ծրագիրը, այսինքն, քաղել իսպանական, բելգիական, հոլանդական, իտալական, պորտուգալական ֆուտբոլի մոդելներից հատվածներ, դրանք համաձայնեցնել մեր մտածողությանն ու ռեսուրսներին, որից հետո հնարավոր կլիներ կազմել իրապես զարգացման ծրագիր և աստիճանաբար կյանքի կոչել ծրագիրը։ Իսկ այսպես, որքան ցանկանում եք՝ հրավիրեք նույնիսկ բրազիլացի մասնագետների, միևնույն է՝ ոչ ոք չի կարող այնպես ընկալել ու հասկանալ մեր ֆուտբոլի զարգացման ուղին, որքան մենք։ Հետեւաբար, Խինես Մելենդեսին՝ իր աշխատակիցներով, ուղարկեք Իսպանիա, բայց նաեւ հաշվի առեք տվյալ մասնագետների կարծիքներն ու փորձը։

Մենք՝ հայերով, ավելի արդյունավետ կկազմենք հայկական ֆուտբոլի զարգացման ազգային ծրագիրը։ Կրկնվեմ՝ մեր մենթալիտետին, մեր ունեցած ռեսուրսներին, մեր ունեցած հնարավորություններին համապատասխան։ Այլապես «ՎԱԶ 2107-ի վրա Լամբորջինի Ավենտադորի շարժիչ դնելով՝ խեղճ Ժիգուլու հզորությունը կտրուկ չենք կարող ավելացնել, փոխանցման տուփի հզորությունը չի բավականացնի»։ Մենք ունենք ֆուտբոլային մարդիկ, ովքեր ի վիճակի են արդյունավետ աշխատելու։ Գտե՛ք նրանց։

Ձեր կարծիքը կարող է չհամապատասխանել նյութի հեղինակի կարծիքի հետ։

Հեղ. Մենուա Մեհրաբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով