Հայկական ֆուտբոլի «սարսափեցնող» ապագայի մասին

Երեկ երեկոյան,  տեղի  ունեցավ ֆուտբոլի EURO-2021 Մ21-ի  թիմերի ընտրական  փուլի Իտալիայի Մ-21  և  Հայաստանի Մ-21 հավաքականների միջև,  որտեղ մեր  թիմը  պարտվեց  խոշոր՝  6։0  հաշվով։

Նախանձելի  վիճակում  չէ  նաև մեր  ազգային  հավաքականը: Շատերը  հույս  էին կապում, թե մոտ ապագայում սերնդափոխություն կլինի, սակայն  մեր  երիտասարդ ֆուտբոլիատների անցկացրած խաղերից  պարզ երևում է,  որ մեր հույսերը մոտ ապագայում չեն իրականանա: Արդեն  երեք  հանդիպում  անընդմեջ, մեր  երիտասարդների  թիմը  չի  կարողանում  գրավել մրցակցի  դարպասը, սակայն սեփական դարպասն ընդունել է ութ գնդակ: Իսկ ընդհանուր  ցուցանիշով  մեր  երիտասարդների  թիմը,  վեց խաղից հետո  խփել է  ընդամենը երեք գնդակ,  բաց  թողել  տասնհինգը:  Համաձայնեք սա  այդքան էլ  հուսադրող  ցուցանիշ  չէ  ապագայի համար։ Անտոնիո  Ֆլորեսի թիմը  արդեն  կորցրել է հնարավորությունը պայքարելու   EURO-2021-ի ուղեգրի համար և  գուցե  արդեն պայքարի  գոնե խմբում վերջին  տեղը  չզբաղեցնելու համար։

Մյուս տարիքային խմբերում  ևս  պատկերը  հուսադրող  չէ,  մեր  թիմերը  չեն կարողանում դրական  ցուցանիշներ գրանցել  խաղադաշտերում,  իսկ ապագայի  թիմ ունենալու  համար   դա պարտադիր պայմաններից մեկն է։  Սարերի  ետևում  չէ  Հենրիխ Մխիթարյանի  կարիերայի  ավարտելը,  հայ  կիսապաշտպանը  կմասնակցի  2022 թվականի աշխարհի  առաջնության ընտրական  փուլին, և դրանք կլինեն  ազգային հավաքականում վերջին հանդիպումները: Երբ են վերջապես  մեր  ֆուտբոլի ֆեդերացիայում  հասկանալու, որ  Մխիթարյանը հավերժ  չի կարող խաղալ  հավաքականում,  իսկ նրան գոնե փոխարինող կամ փոխարինողներ  գտնելը ուղղակի անհրաժեշտություն է,  քանի  որ  ազգային հավաքականի վերջին  խաղերից պարզ դարձավ,  որ մենք «լիդեր» չունենք  խաղադաշտում:

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը այն թիմն է, որտեղ  պետք է ազգային համար  ֆուտբոլիստներ պատրաստել, իսկ այնտեղ  երևի բացի Վահան Բիչախչյանից, ոչ-ոք պատրաստ չէ ազգային հավաքականում խաղալուն։ Սա  ցավալի իրողություն է, մենք չպետք է  հույսներս  դնենք  արտերկրում հանդես  եկող  ֆուտբոլիստների վրա,  և  ամեն անգամ «խնդրելով»  հրավիրել հավաքական։  Պետք է ստեղծել այն հիմնական կորիզը և նրանց հետ տանել լուրջ  աշխատանքներ,  որպեսզի ապագայում  ունենանք  եվրոպական  թիմերին մրցունակ  հավաքական, ներկայիս վիճակով մենք  վայրէջք ենք  կատարում, իսկ առաջընթացի մասին  մտածելը պարզապես միամություն է մեր կողմից:

Հայաստանի Մ-21 հավաքականում շատ քիչ ֆուտբոլիստներ կան, ովքեր  հանդես են գալիս  Հայաստանի Բարձրագույն խմբում, դա  ևս  մեկ  խնդիր է, որը  պետք  ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում լինի, քանի  որ  Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող  19-21 տարեկան տաղանդավոր  ֆուտբոլիստները  չեն կարող  մրցունակ դառնալ  եվրոպական  թիմերի  դեմ։  Օրինակ՝ դարպասապահ Սևակ Ասլանյանը  ինչ խոսք, տաղանդավոր  դարպասապահ է, սակայն  նստած է  «Փյունիկի»  պահեստայինների նստարանին, ու հրավիրվում է երիտասարդական հավաքական, որպես հիմնական դարպասապահ,  իսկ  «Լոռի»-ում հանդես եկող  ևս  մեկ  տաղանդավոր դարպասապահ  Վարդան Շահատունին,  ով  իր արդյունավետ  խաղերով  ամրապնդվել է թիմի հիմնական  դարպասապահի  դիրքում,  չի հրավիրվում  երիտասարդական հավաքական։

Հուսանք, որ հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ ուշադրությամբ կվերլուծի  այս  ամենը,  և մենք  կամաց-կամաց հաստատուն քայլերով, բոլորս միասին կշարժվենք  դեպի «Մեծ» ֆուտբոլ, որին հասնելը արդեն մի քանի տարի է, ինչ շատերիս համար դարձել է մեծ երազանք (հուսանք  ոչ անկատար)։

Հեղ. Արսեն Բարսեղյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով