Հայաստանի Բարձրագույն խումբ. «Արարատը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Գանձասար-Կապանի» հետ

Կարճատև դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումները, իսկ 14-րդ տուրի մեկնարկային խաղում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի «Արարատը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին»։
Հանդիպման առաջին խաղակեսում խփվեց միայն մեկ գնդակ, 16-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Էմիլ Եղիազարյանը, 0-1: Առաջին խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, սակայն թիմերին դա չհաջողվեց և ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը անցավ էլ ավելի համառ և անզիջում պայքարում, «Արարատի» ֆուտբոլիստները միայն հանդիպման ավելացված ժամանակում կարողացան խուսափել պարտությունից, հանդիպման մրցավարը վիճելի իրավիճակում 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց կապանցիների դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց Ալեքսանդր Կոզլովը։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս հանդիպումից հետո «Արարատը» վաստակած 27 միավորով ժամանակավորապես գլխավորեց Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը, «Գանձասար-Կապանը» 11 միավորով նախավերջին տեղում է։