«Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ակումբները հանդես են եկել հայտարարությամբ

Ինչպես  հայտնի է,  դեկտեմբերի  23-ին տեղի են ունենալու,  Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողով, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։

Այդ կապակցությամբ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ»  ակումբները  հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ։

«Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։

Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։

Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։

Մենք հավատում ենք, որ այժմ բոլորիս ընձեռնվել է բացառիկ հնարավորություն  ձևավորել իրապես անկախ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց, որը կգործի ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի, և մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը բաց թողնել:

Հորդորում ենք այլ ֆուտբոլային ակումբներին, ֆուտբոլային հանրության այլ ներկայացուցիչներին միանալ մեր կոչին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով