Աբրահամ Պորտուգալյան. Իմ գլխավոր նպատակներից մեկն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

SportX-ը զրուցել է «Երևան» ՖԱ-ի երիտասարդ, տաղանդավոր ու խոստումնալից հարձակվողական ոճի կիսապաշտպան՝ Աբրահամ Պորտուգալյանի հետ, նա մեզ պատմել է իր նպատակների և երազանքների մասին:

. Ինչպե՞ս կամփոփեք անցած 2019 թվականը

— Նախորդ տարվա օգոստոս ամսին «Ուրարտու» ակումբից վարձակալական հիմունքներով, տեղափոխվեցի բարձրագույն խումբը համալրած «Երևան» ֆուտբոլային ակումբ: Որի կազմում հանդես եկա ենթահարձակվողի և եզրային կիսապաշտպանի դիրքերում։ ԲԽ֊ում նորամուտի մրցաշրջանում, անցկացրած 7 խաղում դարձա 3 գոլի հեղինակ։ Սակայն վստահ եմ, որ որքան ավելի բարձրակարգ թիմում հադես գամ, այնքան ավելի արդյունավետ կլինի իմ խաղը։ Իհարկե դժվարությունները շատ էին, սակայն տարին համարում եմ դրական քանի որ սա հսկայական փորձ էր ինձ համար:

. Ինչի՞ հետ եք կապում «Երևան» ՖԱ-ի այս տարվա անհաջող մրցելույթները

— Ֆուտբոլին չես կարող խաբել։ Պատճառները բազմաթիվ էին, որի մասին մամուլում շատ անդրադարձեր են եղել:

. Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև այս տարի:

— Առաջիկա Նպատակս է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել հնարավորինս լավ թիմ։ Իմ խաղով հետաքրքրված է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբներից մեկը։ հուսով եմ ակումբս կընդառաջի ինձ, և կունենամ տեղափոխվելու հնարավորություն։
Եթե այնպես ստացվի, որ մնամ Հայաստանում, ապա կցանկանամ միանալ չեմպիոնական պայքարին։
Իմ գլխավոր նպատակներից մեկն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Կաշխատեմ աստիճանաբար արժանանալ այդ հնարավորությանը:

ՀԲԽ-ի այս մրցաշրջանը բավականին հետաքրքիր և ինտրիգային ստացվեց: Լոռին ՖԱ-ն դարձավ առաջին հատվածի հաղթող: Ըստ Ձեզ, ո՞ր ակումբը կդառնա չեմպիոն այս մրցաշրջանում

— Այո, մրցակցությունը բավականին թեժ է: 1-ից 6-րդ տեղերում ընթացող թիմերին իրարից բաժանում է ընդամենը 4 միավոր, կարծում եմ 6-նյակ մտնող բոլոր թիմերը կունենան չեմպիոնության իրական հնարավորություն և չեմպիոն կդառնա այն թիմը, որը այս դադարի ընթացքում ավելի լավ կպատրաստվի։

. Որո՞նք են եղել Ձեր մասնակցությամբ ամենահիշարժան խաղերը

Մանկապատանեկան տարիներից իմ ամենահիշարժան խաղը եղել է «Բանանց-1-99» «Բանանց-2-99»  թիմերի միջև 2013թ. տեղի ունեցած հանդիպումը: Այդ խաղի ժամանակ ներկա էին հոլանդացի մարզիչներ, ովքեր երկու գրեթե հավասարազոր թիմերից պետք է ընտրեին լավագույններին՝ նոր թիմ կազմավորելու համար: Այդ խաղում մենք 5:0 հաշվով առավելության հասանք, 5 գոլի հեղինակն էլ ես էի:

Խաղացել եմ Հայաստանի տարբեր տարիքայինների հավաքականներում, սակայն ամենից հիշարժան խաղը ինձ համար 2017թ-ին տեղի ունեցած Կիպրոս-Հայաստան Մ19 հավաքականների հանդիպումն էր: Այդ խաղում (վնասվածքից ապաքիմվելուց հետո) փոխարինման մտա երկրորդ խաղակեսի միջնամասում և խաղի վերջին րոպեին դարձա հաղթական գոլի հեղինակ: Ինձ համար միշտ մեծ պատիվ  և պատասխանատվություն է եղել կրել հավաքականի մարզաշապիկը և պաշտպանել այն:  Հուսով եմ դեռ շատ անգամներ իմ ներդրումը կունենամ հավաքականի հաղթանակներում:

. Եվրոպական ո՞ր ակումբում եք երազում հանդես գալ

— Երազում եմ խաղալ Եվրոպական ամենաթոփ ակումբներում: Անուններ չեմ նշի:

. Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020 թվականից

— Ակնկալում եմ իմ թիմերի հետ շատ հաղթանակներ ունենալ և իմ կարիերայում ավելի մեծ առաջընթաց գրանցել։

. Ձեր ամանորյա բարեմաղթանքը մեր հայրենակիցներին

Շնորհավորում եմ հայ ազգին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում եմ բարեկեցություն և երջանկություն: Մարզիկներին մաղթում եմ, որ առանց վնասվածքների տարի ունենան և հասնեն մեծ հաղթանակների: Ցանկանում եմ նաև սահմանում խաղաղություն լինի և բոլոր մեր զինվորները ողջ առողջ վերադառնան իրենց ընտանիքները։

 

Հեղ․ Գոհար Նավասարդյան

1 thought on “Աբրահամ Պորտուգալյան. Իմ գլխավոր նպատակներից մեկն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով