Ծաղկաձորում այսօր մեկնարկել է ձյան վոլեյբոլի եվրոպայի առաջնությունը

Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ծաղկաձորում մեկնարկում է ձյան վոլեյբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը: Այս մարզաձևից նման մասշտաբային միջոցառում առաջին անգամ է անցկացվում մեր երկրում:
Մրցաշարին մասնակցում են եվրոպական 12 երկրների տղամարդկանց 18 և կանանց 8 թիմեր:
Մրցաշարը կանցկացվի նոր կանոնակարգով: Խաղադաշտում միմյանց դեմ կպայքարեն ոչ թե երկուական, ինչպես նախկինում էր, այլ` երեքական մրցակիցներ /մեկական պահեստայինով/:
2020 թվականին ձյան վոլեյբոլը փորձնական ռեժիմով կներառվի Լոզանի պատանեկան Ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ 2021 թվականին նախատեսված է անցկացնել այդ մարզաձևից Աշխարհի առաջին գավաթը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ծաղկաձորում ավարտվեց արևելյան եվրոպական երկրների ձյան վոլեյբոլի առաջնությունը, որտեղ մեր տղամարդկանց թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: