Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը: Իսկ հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 185 կգ: Երկամարտի 345 կգ արդյունքով հայ ծանրորդը չորրորդ տեղն է զբաղեցրել:
Այսօր պայքարի դուրս կգա նաև 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Նրա ելույթը նախատեսված է ժամը 20:00-ից:
Վաղը պայքարի դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը: