Հռոմ 2020. Հայ ըմբիշները այսօր պարտություն կրեցին և կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը բրոնզե մեդալի համար գերլարված պայքարում 7։8 հաշվով պարտվեց մոլդովացի Միխայիլ Սավային։

Մխեյանը որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից, որը դուրս էր եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար:

Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 12։2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բելառուս Վիկտոր Սերադայի նկատմամբ։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 7:3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այսօր՝ Եվրոպայի գործող չեմպիոն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում լարված պայքարում 6։7 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոևին: Փետրվարի 16-ին Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Այսօր կիսաեզրափակիչում պարտություն է կրել նաև 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:  Բերիանիձեն 0։9 հաշվով պարտվեց լեհ Ռոբերտ Բարանին։ Փետրվարի 16-ին վրացի ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Այսօր՝ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը նույնպես պարտվել է կիսաեզրափակիչում՝  0։7 զիջելով շվեյցարացի Սամուել Շերերին։Գալստյանը նույնպես փետրվարի 16-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով