«Արարատ-Արմենիային» օգնո՞ւմ են չեմպիոն դառնալ. 11-մետրանոցների անհավասարություն (հատուկ տեսանյութ)

Հայաստանի առաջնությունը համեմատաբար առանց սկանդալների էր վերսկսվել, սակայն վերջին երկու տուրերում «Արարատ-Արմենիայի» օգտին «հերթական» 11-մետրանոցները նշանակվեցին և բողոքի նոր ալիք բարձրացավ: Երեքից երկուսն իսկապես միանշանակ չեն, հատկապես մեր ֆուտբոլում լավ կրկնապատկերների սակավության պատճառով: Օրիգինալ արարատցիները Դժգոհողները պնդում են, որ երևանցիներին երկրորդ անգամ անընդմեջ օգնում են չեմպիոն դառնալ: Բայց ամենի մասին հերթով:

11-մետրանոցները և «Արարատ-Արմենիան» անբաժան են

Նորաստեղծ թիմը դեռ կարճ պատմություն ունի, բայց երբ հերթը հասնում է 11-մետրանոցներին, այն բավականին երկար է դառնում: «Արարատ-Արմենիայի» խաղում 11-մետրանոցներ են նշանակվել վերանվանվելուց հետո (նախկինում «Ավան Ակադեմիա» էր) առաջին իսկ պաշտոնական խաղում, ապա նաև ակումբի պատմության երկու կարևորագույն խաղերում` չեմպիոնականում ու Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր տվող մրցավեճում: Հատկապես վերջինը ցավալի է հիշել (էհ, Պաշով):

Բարձրագույն խմբի նախորդ և ընթացիկ առաջնություններում «Արարատ-Արմենիայի» օգտին ընդհանուր 14 անգամ 11-մետրանոց է նշանակվել (13-ը հստակորեն իրացվել են): Դա նշված ժամանակահատվածի ռեկորդն է: Իսկ մյուս թիմե՞րը: Տեսեք.

«Արարատ-Արմենիա» – 14 անգամ

«Լոռի» — 12

«Փյունիկ» — 11

«Ալաշկերտ» — 10

«Արարատ» — 10

«Գանձասար-Կապան» — 7

«Նոա» (նախկին «Արցախ») – 5

«Շիրակ» — 4

«Ուրարտու» (նախկին «Բանանց») – 2

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ չեմպիոնի դեմ շատ թիմեր փակ են խաղում, ինչը նրան շատ գրոհելու ժամանակ է տալիս և բերում ավելի շատ 11-մետրանոցների, բայց նման պարագայում անհավանական ցածր են «Ուրարտուի» և «Շիրակի» ցուցանիշները (ահա, թե ովքեր պետք է բողոքեն): Մյուս կողմից, «Լոռին», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Արարատը» նույնպես քիչ չեն 11-մետրանոց վաստակում, ուստի հարց է ծագում. Արդյո՞ք արդար է մի քանի 11-մետրանոցի տարբերության համար կողմնակալության մեջ մեղադրել մրցավարներին: Այդ պատճառով փորձեցինք հաշվարկել, թե չեմպիոնի օգտին կայացված որոշումները քանի դեպքերում էին որոշիչ և արդյոք տեղին էին:

Պարզվեց, որ նորաստեղծ թիմի օգտին նշանակված և իրացված 11-մետարնոցներից 6-ը հաղթական գոլի են վերածվել, իսկ ևս 2 դեպքում թույլ են տվել հավասարեցնել հաշիվը: Դա շատ լուրջ առավելություն է: Դրանցից մեկը չեմպիոնի կոչում պարգևեց:

Ինչ վերաբերվում է արդյոք արժանի էին 11-մետրանոցները նշանակվելուն, ապա կրկին չմոռանալով կրկնապատկերների սակավությունը, կարող ենք միայն մեր տեսանկյունը հայտնել, որը սուբյեկտիվ է…  14 դեպքերի 10-ը հիմնավոր էին, 1-ը սխալ, ևս 3-ը` կասկածելի:

11-մետրանոց վաստակելու վիրտուոզ

«Արարատ-Արմենիայի» ցուցանիշը ռեկորդային չէր լինի, եթե չլիներ հարձակվող Անտոն Կոբյալկոն: Ռուս ֆուտբոլիստը բազմաթիվ լավ կողմեր ունի. հիանալի է իրացնում գոլային պահերը, փորձառու է, նախորդ մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն էր,  ինչպես նաև… արտակարգ է ընկնում մրցակցի տուգանային հրապարակում:

Չեմպիոնի ստացած 11-մետարնոցների ուղիղ կեսը (7) Կոբյալկոն է վաստակել: Հաճախ նա դա անում է նույնիսկ թեթև հպման դեպքում (տես տեսանյութում), ինչը կարող է կասկածի տակ դնել խախտման առկայությունը: Արդյունքում, դա մրցավարների մոտ վատ համբավի կարող է բերել, երբ նույնիսկ ակնհայտ խախտման դեպքում մրցավարները չհավատան հարձակվողին, ինչպես հաճախ է լինում, օրինակ, Լուիս Սուարեսի դեպքում:

Ովքե՞ր են բողոքողները

Կարճ ժամանակում «Արարատ-Արմենիային» դեմ են արտահայտվել կամ ակնարկել երեք թիմեր` «Արարատը», «Փյունիկը», «Ուրարտուն» և այդ թիմերի երկրպագուները: «Փյունիկի» հետ մրցակցությունը սկսվեց նախորդ առաջնության չեմպիոնական պայքարից հետո, որում Արթուր Սողոմոնյանի ակումբը շատ մոտ էր չեմպիոն դառնալուն, սակայն  որոշիչ պահին նրա օգտին ակնհայտ 11-մետրանոց չնշանակվեց Վանաձորում: «Փյունիկում» դա բացատրեցին միանշանակ միտումով, որը հենց ապագա չեմպիոնի շահերի համար է արվում: Իսկ հետո մեղադրեց նաև սեփական սաներին «գողանալու» մեջ:

«Ուրարտուն», որի օգտին ինչպես արդեն նշեցինք վերջին 2 տարում ընդամենը երկու 11 մետրանոց է նշանակվել, ավելի նորարական դավադրություն գտավ: Ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը վստահ է, որ նախորդ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ կայացած նրանց ու «Փյունիկի» միջև խաղում մրցավար Գևորգ Եղոյանը կարողացավ միտումնավոր այնպես անել, որ ոչ-ոքի գրանցվի: Հետաքրքիր է` եթե թիմերից մեկը 4-5 գոլ խփեր, մրցավարն ի՞նչ էր անելու:

Եվ ամենագլխավորը` «Արարատը»: Պատմականորեն հայերի ամենաժողովրդական թիմը հենց սկզբից դեմ էր իր լեգենդար անունը Ռուսաստանից ժամանած թիմին տալուն, և անմիջապես դարձավ նոր ակումբի առաջին ատողը: «Արարատի»  երկրպագուները նույնիսկ սկզբունքորեն չեմպիոնի մասին խոսելիս «Արարատ» անունը չեն նշում, այլ ասում են «Արմենիա» կամ «Տաշիր»: Հենց վերջիններս են բարձրացրել վերջին աղմուկը, երբ արարատների դերբիի ժամանակ (4 օր առաջ) նրանց դարպասին երկու 11-մետրանոց նշանակվեց: Վերջինից հետո ֆուտբոլիստները սկսեցին հեգնական կերպով ծափահարել մրցավարին… (կրկին տես մեր տեսանյութում)

Եվրոպան հերքում է

Նախորդ ամռանը «Արարատ-Արմենիան» նորամուտը նշեց եվրագավաթներում` սկզբում Չեմպիոնների լիգայում, ապա ելույթները շարունակեց Եվրոպա լիգայում: Երեք շատ կարևոր դիմակայություններում` ԱԻԿ-ի (Շվեդիա), «Սաբուրթալոյի» (Վրաստան) և «Դյուդելանժի» (Լյուքսեմբուրգ) դեմ երևանցիների օգտին 11-մետրանոց է նշանակվել: Այդ հանգամանքը մասամբ ցրում է կասկածը, որ մրցավարները համակրում են չեմպիոնին, չէ որ այդ հանդիպումներն օտարերկրացիներ են վարել: Դա նաև ստիպում է այլ բացատրություններ փնտրել, ինչպես Կոբյալկոյի դեպքում էր: Օրինակ` եզրային հարձակվողների արագությունն ու բազմաթիվ խաբքերով խաղալու ձգտումը: Պաշտպանները հաճախ չեն հասցնում նրանց հետևից:

Ամփոփում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չեմպիոնն ամենաշատ 11-մետրանոց վաստակողն է: Սա անմիջապես նեգատիվ կարող է առաջացնել: Մյուս գնահատականը` վիզուալը: Տեսնում ենք, որ մրցավարների որոշումները հաճախ տեղին են, իսկ երբեմն կասկածելի: Իհարկե, հիշվում է կասկածելին, որովհետև տեղին նշանակվածն ինքնին քննարկման ենթակա չի կարող լինել:

«Արարատ-Արմենիան», եթե ոչ միշտ խաղով, ապա արդյունքով Հայաստանում լավագույն թիմն է: Ցանկալի է` նրա ելույթներն այն մակարդակի հասնեն, որ որևէ 11-մետրանոցի կարիք չունենա: Այդ մակարդակը թղթի վրա թիմն ունի: Այն իրացնելու դեպքում դա կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը և եվրագավաթներում մեր թիմերի հաջողությանը:

Հայկ Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիայի» օգտին նշանավկված 11-մետրանոցները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով