Արցունքներ և խնդրանք. Հանուն Մեսսիի մարզադաշտ մտած պատանու մայրը չի կարողանում վճարել տուգանքը

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի ուշագրավ պահերից մեկը «Մալյորկա» – «Բարսելոնա» խաղում (0:4) էր, երբ առանց հանդիսականների անցնող մրցավեճի ժամանակ խաղադաշտ երկրպագուն ներխուժեց: 17-ամյա պատանին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով էր ` Մեսսիի  10 համարով: Նա սկզբում լուսանկարվեց Ժորդի Ալբայի հետ, հետո շտապեց դեպի արգենտինացին, բայց նրան հասցրեցին բռնել անվտանգության աշխատակիցները: Նա հետո պատմել է, որ ընկերների հետ մոտեցել է ստադիոնի մոտի պատին և 2-3 մետրից ներքև ցատկել:

Հետագայում պարզվել է, որ ֆանատին տուգանել են 2000 եվրոյով: Բացի այդ, նրան քրեական մեղադրանք կարող է հարուցվել, քանի որ կորոնավիրուսի ժամանակ ֆուտբոլիստներին մոտենալը կյանքին վտանգ սպառալու քայլ է դիտարկվում: Դա նաև կարող է Լա լիգայի շարունակությունը վտանգի տակ դնել:

Քանի որ պատանին չափահաս չէ, նրա համար պատասխանատվություն է կրելու մայրը: Վերջինս Mundo Deportivo-ի հետ զրույցում արտասվելով պատմել է, որ միայնակ է մեծացնում երեք երեխաների և չունի 2000 եվրո, որ վճարի տուգանքը: Նա Լա Լիգային խնդրել է հնարավորություն տալ գումարը վճարել մի քանի ամսվա ընթացքում, որպեսզի նրա ավագ որդին ամռանն աշխատի և գումար կուտակի:

Մայրը նաև պնդում է, որ իր որդին զղջում է նման քայլի համար: Նա վստահ է, որ որդու ընկերներն են պատանուն համոզել նման քայլի դիմել:

Այդ պատմությունից հետո պատանուն նույնիսկ սելֆին չի մնացել Ալբայի հետ: Ոստիկանները ստիպել են ջնջել այն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով