Հայկական ակումբի տնօրենի և ՀՖՖ-ի տեսուչի միջև վիճաբանության առաջին հետևանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Առաջին խմբի «Տորպեդո» – «Դիլջան» խաղի ընդմիջման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ավելի վաղ «Դիլիջանի» տնօրեն Արտակ Մելիքյանը հայտարարել էր, որ խաղի տեսուչ Կամո Մահտեսյանը վիճաբանել է նրա հետ ու նրա դեմքին հանգցրել ծխախոտը:
Կարգապահական կոմիտեն պարզել է, որ միջադեպի ժամանակ Մելիքյանը հայհոյել է Մահտեսյանին և այդ պատճառով որոշել է նրան որակազրկել մինչև ընթացիկ մրցաշրջան ավարտը: «Դիլիջանը» տուգանվել է 250 հազար դրամով:
Մահտեսյանի վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ:
Ահա այդ միջադեպի վերաբերյալ ՀՖՖ ԿԿ-ի կայացրած որոշման արձանագրությունը.
«12/06/20թ. «Տորպեդո»-«Դիլիջան ՖԱ» (ԱԽ217) խաղի մասին (Ընդմիջման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ՝ ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանի և «Դիլիջան» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանի միջև: Հայհոյանքներ հնչեցնելու համար Արտակ Մելիքյանը հեռացվել է մարզադաշտից պատվիրակի հրահանգով:) ՈՐՈՇԵՑԻՆ` 6.1․ 12/06/20թ. «Տորպեդո»-«Դիլիջան ՖԱ» (ԱԽ217) խաղին («ԴՖԱ ՓԲԸ» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «ԴՖԱ ՓԲԸ» ակումբի» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանին թույլ չտալ մասնակցել ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղերին մինչև 2019/20 թթ. մրցաշրջանի ավարտը, ԴՖԱ ՓԲԸ-ին տուգանել 250000 ՀՀ դրամ 6․2․ Միջնորդություն ներկայացնել ՀՖՖ մրցավարական կոմիտեին՝ ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանի վարքագիծը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու վերաբերյալ»:
Լուսանկարը` Արտակ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից