«Որոշում կուլիսների հետևում». «Լոռին» որակազրկված ֆուտբոլիստի առկայություն է մատնանշում. «Նոան» հերքում է

Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Նոան» 2:1 հաշվով հաղթեց «Լոռիին»: Տանտերերի մեկնարկային կազմում էր պաշտպան Ալան Տատաևը, ով նախկինում որակազրկված էր 3 խաղով: Րոպեներ առաջ վանաձորյան ակումբը հայտարարություն տեղադրեց, որում նշեց, որ Տատաևի որակազրկումը պետք է տարածվեր նաև այսօրվա խաղի վրա, քանի որ նա մինչև այդ բաց է թողել 2 հանդիպում:

Sportx.am-ը պարզաբանման համար կապնվեց «Նոա» ակումբի մամուլի ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի երեկ կայացած նիստի ժամանակ, որոշվել է Տատաևի որակազրկումը կրճատել մեկ խաղով:  Երևանցիները նշեցին, որ ապացույց ունեն:

Այդուհանդերձ, «Լոռին» պնդում է, որ խախտվել են մարզական բոլոր սկզբունքները: Վանաձորցիները ՀՖՖ-ից արձագանք են պահանջում, որպեսզի որոշեն իրենց հաջորդ քայլերը:

Հայտարությունում մասնավորապես նշված է.

«Ինչպես տեղեկացանք մրցակից թիմի ղեկավարությունից, երեկ ուշ գիշեր ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, ի դեմս կոմիտեի նախագահ Արմեն Դավթյանի (ի դեպ նա ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չունի), կայացրել է որոշում և մեկ խաղով կրճատել որակազրկումը, ինչի մասին տեղյակ չի պահվել ո՛չ «Լոռի» ՖԱ-ին, ո՛չ էլ հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում։ Ավելին՝ հունիսի 19-ին՝ 18։08-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Բարձրագույն խմբի 24-րդ տուրը որակազրկման պատճառով բաց թողնող ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների ցանկը, որտեղ ներառված է նաեւ Ալան Տատաեւը։

Ստացվում է, որ ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակում է որոշում, բայց կուլիսների հետևում կայացվում է այլ որոշում։ Նման գործելակերպը հակասում է մարզական բոլոր սկզբունքներին։

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է ՀՖՖ-ին լրջորեն մոտենալ նման հարցերին և հարգել ակումբներին, նրանց կատարած աշխատանքը։ «Լոռի» ՖԱ-ն ՀՖՖ-ից սպասում է արագ արձագանք և պարզաբանում, որպեսզի մենք որոշենք մեր հետագա քայլերը»։

Հիշեցնենք, որ որակազրկված ֆուտբոլիստի` խաղին մասնակցելու դեպքում նրա թիմին 0:3 պարտություն է գրանցվում:

Լուսանկարը` «Նոայի» ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով