Հակոբ Հակոբյան. «Ծանոթի միջոցով նամակ եմ ուղարկել Transfermarkt-ին, որ իմ մասին սխալ տեղեկությունը փոխեն»

«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն տպավորել է անդադար պայքարելու իր ունակությամբ, իսկ այս մրցաշրջանում սկսել է նաև գոլեր խփել: Sportx.am-ը զրուցել է 23-ամյա ֆուտբոլիստի հետ, ով խաղում է երկու այնպիսի դիրքերում, որոնք Հայաստանի հավաքականի համար ամենախնդրահարույցներից են համարվում:

— Նախկինում «Ուրարտուի» կազմում երբեք գոլ չէիք խփել, իսկ ընթացիկ առաջնությունում արդեն երկու անգամ աչքի եք ընկել: Ո՞րն է այդ փոփոխության պատճառը:

— Շատ ուրախ եմ, որ կարողացա առաջին գոլերս խփել «Ուրարտուի» կազմում: Ցավոք, անդրանիկ գնդակը հաղթական չէր, սակայն երկրորդը հաղթանակ պարգևեց թիմին: Վաղուց էի սպասում իմ առաջին գոլին, սակայն միշտ ինչ-որ բան չէր բավականեցնում, նույնիսկ լավ դիրքերում հայտնվել եմ, բայց չեմ կարողացել գոլ խփել: Հուսով եմ` կշարունակեմ գոլեր խփել, և ամենակարևորը, թիմին հաղթանակներ պարգևել:

— Կհամեմատե՞ք Իլշատ Ֆայզուլինի և Ալեքսանդր Գրիգորյանին: Որո՞նք են նրանց հիմնական տարբերությունները:

— Տարբերությունները միանշանակ շատ են: Ֆայզուլինը սիրում էր միայն գեղեցիկ ֆուտբոլի հաշվին, կարճ ու միջին փոխանցումների միջոցով փորձել թիմին տանել հաջողության: Իսկ Գրիգորյանի վերաբերյալ կասեմ, որ դրա հետ մեկտեղ պահանջում է  մարտունակ լինել խաղին. մեծ ագրեսիվությամբ, շատ բարձր պրեսինգով: Այդ մանր ու միջին փոխանցումներից բացի նրա համար պայքարը և ուժային ֆուտբոլը մեծ դեր ունի:

— Ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» անհաջող ելույթների բազմաթիվ տարբեր պատճառներ են քննարկվել: Իսկ Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը:

— Ամենակարևորն այն է, որ շատ վատ սկսեցինք առաջնությունը, բազմաթիվ միավորներ կորցրեցինք:  Հետագայում շատ դժվար էր կորցրածը հետ բերել: Առաջնության ընթացքում ինչ-որ պահեր կար, որ թիմի տարբերությունը նկատվում էր, լավ խաղ էինք ցուցադրում, բայց միևնույն է միավորները չբավականեցրին վեցնյակում հայտնվելու համար: Չեմ կարող այլ խնդիրներ նշել:

— Արդյո՞ք մտադիր եք մոտ ապագայում ելույթները շարունակել Հայաստանում, թե՞ տարբերակներ կան արտասահման մեկնելու:

— Հիմա կոնկրետ տարբերակներ չկան: Պայմանագիր ունեմ «Ուրարտուի» հետ: Եթե արտասահմանից լավ տարբերակներ լինեն, կվերլուծենք ու կքննարկենք նաև ակումբի հետ: Իհարկե, լավ կլինի հանդես գալ ավելի բարձրակարգ առաջնությունում: Բայց դեռ այդպիսի 100-տոկոսանոց տարբերակներ չկան:

— Transfermarkt.com-ում նշված է, որ դուք Razon Sports գործակալության հաճախորդն եք: Դա այդպե՞ս է: Եթե այո, արդյո՞ք դա նշանակում է, որ փորձում եք արտասահման մեկնել, որովհետև ուրիշ հայեր չկան այդ գործակալությունում:

— Ոչ, չեմ աշխատում այդ գործակալության հետ: Վերջերս եմ տեղեկացել, որ իմ անունը նրանց հետ է կապված: Նույնիսկ իմ ծանոթի միջոցով նամակ եմ ուղարկել Transfermarkt-ին, որ իմանան չկա այդպիսի բան: Երևի հետագայում տեղեկությունը կփոխվի:

— Հայաստանի հավաքականում Ձեր` հենակետային կիսապաշտպանի դիրքն ամենախնդրահարույցներից մեկն է համարվում: Արդյո՞ք Ձեր վերջին հաջող ելույթները նպաստել են, որ ՀՖՖ-ից կապ հաստատեն:

— Ազգային հավաքականում խաղալն իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկն է: Հուսով եմ` կկարողանամ այնքան լավ խաղալ, որ հավաքականի մարզիչները կնկատեն ինձ ու հրավեր կստանամ: Հույսեր միշտ ունեմ, և աշխատում եմ այդ ուղղությամբ: Հուսով եմ` շուտ կլինի այդ հրավերը:

— Երբեմն Ձեզ ասպարեզ են դուրս բերում ձախ պաշտպանի դիրքում, ինչպե՞ս եք Ձեզ զգում այնտեղ: Ալֆոնսո Դևիսի պես հնարավո՞ր է, որ դիրքը մշտական փոխեք:

— Առաջին անգամ ձախ պաշտպանի դիրքում խաղացել եմ Հայաստանի Մ19 հավաքականում, և այնտեղ եմ անցկացրել ընտրական փուլի բոլոր հանդիպումները: Սիրում եմ այդ դիրքը, այնտեղ ինձ վատ չեմ զգում: Հետագան ցույց կտա: Ինչո՞ւ ոչ, եթե մարզիչներն այդպես որոշեն կամ եթե այդպես ավելի շատ թիմին օգուտ կտամ: Ինձ համար տարբերություն չկա կենտրոնական կիսապաշտպան, թե ձախ պաշտպան:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով