Ինչու Զիդանը մերժեց «Բարսելոնային», ինչպես չկատարվեց նրա երազանքը և այլ անհայտ փաստեր լեգենդի մասին

Այսօր` հունիսի 23-ին Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ 48 տարեկան: Sportx.am-ն առանձնացրել է Զիզուի մասին հետաքրքիր, բայց շատերի համար անհայտ փաստեր:

1. Զինեդինի հայրը` Սմաիլն Ալժիրից Ֆրանսիա է տեղափոխվել 1953 թվականին, երբ 17 տարեկան էր: Փարիզում նա շինարարությամբ է զբաղվել, իսկ 1962 թվականին գնացել Մարսել, որպեսզի նավով մեկնի Ալժիր և մասնակցի Ֆրանսիայից անկախության պայքարին: Սակայն վերջին պահին հանդիպել է իր զարմուհի Մալիկային, որոշել ամուսնանալ նրա հետ և մնալ Մարսելում:

 

  1. Սմաիլն ու Մալիկան 5 երեխա ունեցան` 1 աղջիկ և 4 որդի: Զիդանը (նրանցից ամենափոքրը) պատմում էր, որ եղբայրների համար ամենակարևորը նրանց քրոջն ամեն ինչով օգնելն է, և նրանք հերթով հսկում էին, որ նրան նեղացնող չլինի: Ահա թե ինչու, երբ ԱԱ-2006-ի եզրափակչում Մարկո Մատերացցին անպատվեց Զինեդինի քրոջը, անմիջապես այնպիսի հարված ստացավ, որ ոչ նա երբևէ կմոռանա և ոչ էլ ֆուտբոլային աշխարհը:

 

  1. Զիդանն իր կարիերայում 14 անգամ կարմիր քարտ է ստացել: Նա ասում էր, որ մեծացել է Մարսել քաղաքում, որտեղ եթե թույլ ես տալիս քեզ հարվածել, ուրեմն տղամարդ չես: Փոքր տարիքում նա զբաղվում էր նաև ձյուդոյով: Այդ մարզաձևի կանաչ գոտի ունի:

 

  1. Մարսելում մեծացած Զիդանը միշտ երկրպագել է «Օլիմպիկին» և նույնիսկ իր ավագ որդուն անվանել այդ թիմի ուրուգվայցի հարձակվող Էնցո Ֆրանչեսկոլիի պատվին: 90-ականների սկզբին նա մոտ էր իր երազանքի իրականացմանը` «Օլիմպիկ» տեղափոխվելուն: Նրա ակումբը` «Կանը» և «Մարսելը» պայմանավորվել են Զիդանին Ալան Բոկշիչի հետ փոխանակելուն: Զիդանը նույնիսկ ժամանել է Մարսել և պատրաստվել նորամուտին, սակայն գործարքը վերջին պահին խափանվել է: Այդպես էլ նա երբեք չի խաղացել իր երազնաքի թիմում:

 

  1. 1996 թվականին լեգենդար Յոհան Կրուիֆը որոշել է կտրուկ սերնդափոխություն կատարել «Բարսելոնայի» և շեշտը դնել Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ ծագող աստղերի` Զինեդին Զիդանի և Յուրի Ջորկաեֆի վրա: Նա երկու ֆուտբոլիստիներին էլ առաջարկել է միանալ կատալոնական թիմին, սակայն մերժում է ստացել: Հայը մեկնել է «Ինտեր», իսկ ալժիրցին` «Յուվենտուս»: Զիդանը իր որոշումը բացատրել է` այն ժամանակ Թուրինին մոտ գտնվող «Միլանում» էր խաղում իր պատանեկության ընկեր, հավաքականում նրա թիմակից Կրիստոֆ Դյուգարին, ով նրան կօգներ ադապտացիայի հարցում:

 

  1. 2002 թվականի «Ռեալ» – «Բայեր» եզրափակչում Զիդանի լեգենդար գոլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույնը, սակայն նա իր ամենագեղեցիկ գնդակը համարում է Ֆրանսիայի հավաքականի կազմում ընկերական խաղում Նորվեգիայի դարպասը խփածը:

 

  1. Հարավային Ամերիկայի հավաքականներին Զիդանն ընդամենը երկու գոլ է խփել: Երկուսն էլ ԱԱ-98-ի եզրափակչում Բրազիլիայի դարպասը: Իսկ ԱԱ-2006-ի եզրափակչում խփած գոլի շնորհիվ դարձել պատմության 4 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր գոլեր են խփել Մունդիալի երկու տարբեր երզափակիչներում (մյուսներն են` Պելեն, Վավան և Պաուլ Բրայտները):

 

  1. Զիդանը չի մոռանում իր կյանքում հարազատ դարձած մարդկանց: Նա Թուրինի իր սիրելի ռեստորանի խոհարարին տեղավորել է Ֆրանսիայի հավաքականում: Մանկության ընկերոջն աշխատանք է տվել` դարձնելով իր անձնական վարորդը: Իսկ ահա Կաննում բնակվելու ժամանակ հանրակացարանի իր հարևան Դավիդ Բետոնիին Թուրինում անձնական թարգմանիչ է դարձրել, ով նաև օգնել է կենցաղային տարբեր հարցերում: Հետագայում, երբ Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը», Բետոնին նշանակվել է նրա օգնական:

  1. Զիդանն իր կարիերայում 126 գոլ է խփել, սակայն ընդամենը մեկ անգամ է հեթ-տրիկ ձևակերպել: Ուշագրավ է, որ դա եղել է «Ռեալի» կազմում նրա վերջին մրցաշրջանում (2005-06թթ), երբ նա երեք անգամ գրավել է «Սևիլյայի» դարպասը:

  1. Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում ֆրանսիացու թիմերը մինչև վերջ պայքարելու յուրահատուկ բնավորությամբ են առանձնանում: Նրա գլխավորությամբ անցկացրած 202 պաշտոնական խաղերում մադրիդցիներն ընդամենը 2 անգամ են խոշոր հաշվով պարտվել (0:3 հաշվով «Բարսելոնային» ու ՊՍԺ-ին):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով