«Մեսսիի մրցակիցները դպրոցական են դառնում». Ֆուտբոլի լեգենդները` արգենտինացու մասին

Այսօր` հունիսի 24-ին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ 33 տարեկան: Sportx.am-ն առանձնացրել է նրա մրցակիցների և ֆուտբոլի լեգենդների յուրահատուկ խոսքերն արգենտինացու մասին:
«Ֆուտբոլի արքա» Պելեն շարունակում է իրեն համարել պատմության լավագույնը, սակայն մեր օրերի թիվ մեկ խաղացողի հարցում նա կողմնորոշվել է.
«Դժվար է համեմատել Մեսսիին ու Ռոնալդուին: Նրանք տարբեր խաղաոճով ֆուտբոլիստներ են: Մեսսին ավելի թիմային է, շատ գոլային փոխանցումներ է կատարում, իսկ Կրիշտիանուն ավելի գոլահար է: Բայց իմ թիմում կնախընտրեի տեսնել Մեսսիին: Չեմ վախենում խոստովանել, որ նա վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է»:
20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչման հարցում Պելեի գլխավոր մրցակից Դիեգո Մարադոնան շատ ավելի հաճախ է գովեստի խոսքեր շռայլում իր հայրենակցին.
«Կարիերայի ավարտից հետո Լեոն ճանաչվելու է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նույնպես չի թաքցնում գլխավոր մրցակցի ավագի նկատմամբ հիացմունքը.
«Կարծում եմ` բոլորը Մեսսիի մասին միևնույն կարծիքին են: Բավական է միայն դիտել նրա խաղը, տեսնել, թե նա ինչպիսի շոուի է վերածում «Բարսելոնայի» խաղերը, որպիսի ամեն ինչ իր տեղն ընկնի: Նա կարող է միայնակ լուծել խաղերի ելքերը: Մեսսիի խաղում ինձ հատկապես մեկ գործոն է հիացնում. նա միշտ առաջ է գնում, երբեք հետ կամ կողք փոխանցում չի կատարում: Մեծ հաճույք եմ ստանում նրա խաղից»:
«Ռեալում» Զիդանի նախկին թիմակից, համաշխարհային ֆուտբոլի «փլեյբոյ» Դևիդ Բեքհեմը նույնպես արգենտինացուն լավագույնն է համարում.
«Մեսսիին կարող են որոշ խաղային որակներով համեմատել Ռոնալդուի հետ, բայց միևնույն է Լեոն մնում է աշխարհի լավագույնը»:
Սեփական տաղանդը խորտակելու գծով ապագա դասախոս Մարիո Բալոտելլին միայն մեկ ֆուտբոլիստի է իրենից լավը համարում.
«Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է գերազանցում ինձ: Դա Մեսսին է: Մնացածը զիջում են ինձ»:
«Բավարիայի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսան Լիզարազյուն նկարագրել է, թե ինչ տեսք են ունենում արգենտինացու մրցակիցները.
«Երբ Մեսսին տեսնում եք հասարակ հագուստով, նա դպրոցականի է նման: Բայց երբ նա ֆուտբոլիստի խաղաշապիկ է հագնում, մնացած բոլորն են դպորցական դառնում»:
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը երկար ժամանակ այն սակավաթիվենրից էր, ով Մեսսիի դեմ խաղալով նրանից գոլ բաց չէր թողել: Այդուհանդերձ 2017-18թթ. մրցաշրջանում արգենտինացին իտալացու դարպասը երկու շքեղ գոլեր խփեց և Ջիջին խոստովանեց.
«Մեսսին այլմորակային է, ով եկել է ֆուտբոլ խաղա մեզ` երկրագնդի մարդկանց հետ»:
Մադրիդի «Ռեալի» լեգենդար ռմբարկու Ուգո Սանչեսը նույնպես Մեսսիին պատմական տեսանկյունից է նայում.
«Պելեն միշտ ինձ համար օրինակ է եղել, իսկ նրա կողքին գտնվել է Մարադոնան, ով փորձում էր վերջ դնել նրա հեգեմոնիային: Բայց Մեսսին արդեն հավասարվել է Մարադոնային, և շուտով առաջ կանցնի նաև Պելեից»:
Ֆաբիո Կապելոն այն մարդկանցից է, ով Մեսսիի հանճարը նկատել է, երբ վերջինս դեռ պատանի էր: Խուան Գամպերի գավաթում արգենտինացին փայլեց «Դոն Ֆաբիոյի» գլխավորած «Յուվենտուսի» դեմ խաղում: Հետագայում իտալացին միշտ հիացական խոսքեր է ասել Լեոյի մասին.
«Մեսսին հանճար է: Ֆուտբոլի պատմության մեջ եղել են երեք հանճարներ. Պելեն, Մարադոնան և Մեսսին: Կրիշտիանուն նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է, բայց Մեսսին մաքուր հանճար է, նա պարզապես լավագույնն է»:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ պարզ է բացատրել իր հիացմունքը.
«Իմ հեռախոսի մեջ միայն մեկ սելֆի կա: Այն Մեսսիի հետ է: Կրիշտիանո՞ւն: Նա այդ պահին նույն սրահում էր»:
«Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Մարկո վան Բաստենի բացատրում է Մեսսիի խաղը գնահատելու ճանապարհը.
«Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց ցանկացած մարդ, ով ասում է, որ պորտուգալացին Մեսսից լավ է խաղում, պարզապես ոչինչ չի հասկանում ֆուտբոլից կամ պարզապես անկեղծ չէ: Մեսսին իր տեսակի մեջ միակն է: Անհնար է կրկնօրինակել նրան: Նման խաղացողներ ֆուտբոլում հայտնվում են 50, կամ նույնիսկ 100 տարին մեկ»:
Ճանաչված մարզիչ Կարլուշ Կեյրուշը ամենասրամիտ գովեստի խոսքերից մեկն է ասել Լիոնելի մասին:
«Կարծում եմ` Մեսսիին հարկավոր է որակազրկել ֆուտբոլ խաղալուց, քանի դեռ նա չի ապացուցել, որ մեր մոլորակից է»: