«Նախկին ղեկավարների ժառանգության պատասխանատվություն չենք կրում». ՀՖՖ-ի որոշումը բողոքարկվելու է

Առաջին խմբի «Մասիս» ակումբը պաշտոնական հայտարարություն է կատարել.

Հունիսի 25-ին ու 26-ին ՀՖՖ-ն միանգամից 2 որոշում կայացրեց, որոնք անմիջականորեն վերաբերում են «Մասիս» ՖԱ-ին: Նախ, ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն մերժեց մեր արտոնագրման դիմումը՝ պատճառաբանելով, որ «ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն»:

Իսկ արդեն մեկ օր անց տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստում քննարկվեցին պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցները, որում կրկին առանցքային էր «Մասիս» ՖԱ-ն: Միաձայն որոշում ընդունվեց ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին՝ «Մասիս», ինչպես նաև «Արագած», «Տորպեդո», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

«Մասիս» ՖԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի կողմից կայացված 2 որոշումներն էլ որևէ առնչություն չունեն ներկայիս «Մասիս» Ֆուտբոլային ակումբի ինչպես ղեկավարության, այնպես էլ՝ ֆուտբոլիստների հետ: Համաձայն Պետական միասնական գրանցամատյանում կատարված փոփոխությունների՝ դեռևս 2020թ-ի հունվարի 30-ին գրանցվել է մասնակիցների (սեփականատիրոջ) փոփոխություն, իսկ նույն թվականի փետրվարի 28-ին՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն:

Հետևաբար, ակումբի նախկին սեփականատերերի թողած ժառանգության հարցում ներկայիս ղեկավարությունը, հետևաբար՝ նաև ակումբը, պատասխանատվություն չի կրում: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ կատարված փոփոխություններից հետո ակումբի ներկայիս ղեկավարությունը արագորեն լուծել է նախկին ղեկավարների թողած ֆինանսական պարտավորությունները:

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա նախևառաջ, «Մասիս» ՖԱ-ն միանշանակ կօգտվի իր իրավունքից և կբողոքարկի ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե: Ինչ վերաբերում է պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, դրանք կազմակերպելու ու դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթին, ապա պատրաստակամություն ենք հայտնում սեփանակատերերի փոփոխությունից հետո կայացած յուրաքանչյուր խաղի դետալային քննարկմանը:

«Մասիս» ՖԱ-ն իրապես շահագրգռված է հայկական ֆուտբոլում տարածված արատավոր երևույթների դեմ պայքարում և մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք աջակցել պատկան մարմիններին՝ բացահայտելու ցանկացած հակասպորտային և հակամրցակցային երևույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով