Սենիկ Կարա-Պողոսյան. «Քչերն են փորձում հասկանալ փոխանակման իրական իմաստը»

«Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Սենիկ Կարա-Պողոսյանը «Բարսելոնայի» ամենահայտնի հայ երկրպագուներից մեկն է: Նա ԱՊՀ երկրներում միակ մարդն է, ով պաշտոնապես կատալոնական ակումբի անդամ է (սոսյո): Sportx.am-ը Կարա-Պողոսյանի հետ քննարկել է  «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» միջև կիսապաշտպաններ Արթուր Մելոյի ու Միրալեմ Պյանիչի մոտալուտ տրանսֆերային փոխանակումը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ֆուտբոլային աշխարհում:

— «Բարսելոնան» համաձայնվեց երիտասարդ ու խոստումնալից Արթուրին փաստացի փոխանակել 30-ամյա Պյանիչի հետ` գումարի փոքր փոխհատուցմամբ: Այդ ամենին բացատրություն ունե՞ք:

— Այս տրանսֆերում «Բարսելոնան» գումարային շահույթ չունի:  Կատալոնիայում բնակվող իմ աղբյուրներից հստակ գիտեմ, որ Արթուրի «մաքուր» աշխատավարձը (հարկերը վճարելուց հետո) տարեկան 3,2 միլիոն է կազմում: Պյանիչը կստանա 7,5 միլիոն: Բրազիլացու պայմանագրի լրանալուն էլ դեռ 4 տարի կար: Եթե այդ գումարի տարբերությունը բազմապատկենք առաջիկա 4 տարիներով, իտալացիների վճարած 15 միլիոնը կծախսվի: Հաշվի առնելով, որ Արթուրի պայմանագիրն ակումբի ներքին դասակարգման պարագայում 2022 թվականից բարձրանալու էր և դառնար երկրորդ կատեգորիայի պայմանագիր, ապա հիմա կարելի է ասել, որ «Բարսելոնան» լուրջ ծախսեր պետք է կատարեր: Այլ կերպ ասած կատալոնացիները գումարային օգուտ չեն ունենա: Սա ֆինանսական կողմի մասին:

— Երկրորդ կողմը խաղայինն է: Ինչո՞ւ «Բարսելոնան» բաց թողեց Արթուրի պես տաղանդին:

— Որովհետև «Բարսելոնայում» կենտրոնական կիսապաշտպանն ամենակարևոր խաղացողն է: Նույնիսկ Չավին մեծագույն ֆուտբոլիստ դարձավ, երբ նրան սկսեց մարզել Գվարդիոլան: Իսկ Պեպի ֆուտբոլիստ եղած ժամանակ նրա «գլխին կանգնած էր» Բակերոն: Այժմ Բուսկետսը ծերանում է, իսկ խաղարկողների դիրքում երկու հիմնական ֆուտբոլիստները` Դե Յոնգն ու Արթուրը երիտասարդ են: Գումարած կա նաև Ռիկի Պուչը: Մեկը չկա, որ նրանց դիրքի ֆուտբոլիստ լինի և խաղային ոճով համապատասխանի «Բարսային»: Ռակիտիչն ու Վիդալն այլ տեսակի են: Արթուրը, Դե Յոնգը և Պուչը չեն կարող մեկը մյուսից սովորել:  Նրանց կողքին փորձառու ֆուտբոլիստ է պետք, ով կկարողանա ցույց տալ, թե ինչ է հարկավոր անել: Ակումբում կարողացան Դե Յոնգի և հատկապես Պուչի միջից հանել այդ աստղային հիվանդությունը, «ձգել» նրանց, խելոքացնել և ապագայում հույսը կապելու են հենց նրանց հետ: Բայց դա պատասխանատու և դանդաղ զարգացող գորրծընթաց է:

— Միթե՞ Պյանիչը հենց այդ ֆուտբոլիստն է, ով կհամապատասխանի Ձեր նշած դերին:

— Բոսնիացին տարիներ շարունակ խաղացել է այդ կարևոր դիրքում և միշտ ապացուցել իր որակները: Լինի դա «Լիոնում», «Ռոմայում», թե «Յուվենտուսում»: Վերջինիս կազմում նա 3 տարի անընդմեջ հայտնվում է Ա սերիայի խորհրդանշական հավաքականում: Դա պատահական չէ: Բոլորը պետք է նրա ահռելի փորձի հետ հաշվի նստեն:

— Արթուրի թերությունը միայն փորձի պակա՞սն էր: Այլ թերություն չունի՞:

— Առաջին իսկ օրից Արթուրին «Բարսելոնայում» շատ սիրեցին  նրա հասակի, ամպլուայի, գնդակով տեղաշարժի և այլ խաղային պատճառներով: Իսկապես այդ ամենով նա նման է Չավիին: Բայց քչերն են փորձում հասկանալ տրանսֆերային փոխանակման իրական իմաստը: Երիտասարդներով չես կարող ապահովել ամենաբարձր մակարդակի խաղ: Հարկավոր են հոգով ու բնավորությամբ հաղթողներ, այլ ոչ թե այնպիսինները, որոնց համար անընդհատ հաղթելու պահանջն անտանելի  ծանր բեռ է:

— Ենթադրություն կա, որ վերջին տարիներին փորձառու և աստղային ֆուտբոլիստներ հրավիրելով «Բարսելոնան» ուզում է Մեսսիի կարիերայի վերջին տարիների համար ուժեղ կազմ ապահովել, որպեսզի չտապալեն արգենտինացու հրաժեշտը: Իսկ նրա կարիերայի ավարտից հետո հրաժեշտ տալ այդ բոլոր վետերաններին և կտրուկ սերնդափոխություն կատարել: Կա՞ նման միտում:

— Միանշանակ ակումբի ղեկավարության շատ որոշումներ այդ հանգամանքը հաշվի առնելով են կայացվում: Մեսսին դեռ 3-4 տարի կխաղա, բայց չեմ կարծում, որ նա կարիերան կշարունակի մինչև 40 տարեկան: Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդուին հեշտությամբ տեսնում եմ մինչև 40 տարեկան խաղալիս: Չեմ կարծում, թե Մեսսիի կարիերայի ավարտից հետո կազմում շատ մեծ փոփոխություններ կլինեն, բայց որոշակի թարմացում հաստատ նախատեսված է:

— Արթուր-Պյանիչ փոխանակման մեկ այլ վարկած կապված է ֆինանսական «Արդար խաղի» հետ: Իբր «Բարսելոնան» պետք է ՈւԵՖԱ-ին 70 միլիոնի եկամուտ ցույց տա, իսկ 60 միլիոնով նոր ֆուտբոլիստի գնման գումարը բաշխված է լինելու մի քանի ֆինանսական տարիների մեջ: Դա հնարավո՞ր է:

— Իհարկե: «Մանչեսթեր Սիթիի» օրինակից բոլորը վախենում են: Եթե այդ փոխանակումը կօգնի ՈւԵՖԱ-ի մոտ դրական ցուցանիշներ ցույց տալ, ապա երկու ակումբներն էլ կօգտվեն հնարավորությունից: Ցավոք, ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններն այնպես են կազմված, որ բոլոր թիմերն էլ փորձում են շրջանցել այն: Տվյալ դեպքում` օրինական ճանապարհով:

— Ինպես գիտենք` մեկ տարուց կայանալու են «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները: Դուք որպես ակումբի սոսյո իրավունք ունեք մասնակցել քվեարկությանը: Ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուն չի կարող ընտրվել, բայց ուզում է իր մարդուն նշանակել:  Արդյո՞ք մոտալուտ տրանսֆերային փոխանակումից նա կշահի:

— Մենք հիշում ենք, որ 2015 թվականին «Բարսելոնան» թրեբլ նվաճեց, իսկ շաբաթներ անց եղան ընտրությունները: Այդ ոգևորության ֆոնին Բարտոմեուն վերընտրվեց: Այս անգամ էլ նա կփորձի նույն հնարքն անել, բայց կոնկրետ ես Ժոան Լապորտայի համակիրն եմ: Նախորդ ընտրություններում Լապորտային եմ ընտրել, և մյուս տարի նույնպես նրան եմ ձայնս տալու: Ավելին, կարելի էր նույնիսկ ստորագրահավաք անցկացնել արտահերթ ընտրությունների համար, սակայն նման փորձի նախորդ ձախողումից հետո դժվար թե նոր փորձ կատարվի: Հատկապես, որ պաշտոնական ընտրություններին ընդամենը մեկ տարի մնաց:

Հայկ Հովհաննիսյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով