Հայաստանի առաջնության 25-րդ տուրի հետաքրքիր ամփոփումը

Ավարտին մոտեցավ  ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ  տուրը։ Այն պարզապես հիասքանչ էր, իհարկե  ոչ բոլոր  թիմերը ցուցադրեցին տպավորիչ խաղ,  որը ակընկալվում էր շատերի կողմից,  սակայն  գրանցված  գոլերի կարևորությունը և գեղեցկությունը  մրցաշարային աղյուսակի տեսքի  փոփոխության  առիթ  հանդիսացան։

«Արարատ» Երևան —  «Շիրակ»

Բարձրագույն խմբի 25-րդ  տուրի առաջին հանդիպումը  կայացավ  Ավանի  ֆուտբոլի  ակադեմիայում, որտեղ  Երևանի  «Արարատը»  հյուրընկալեց  «Շիրակին»։   Չնայած վատ  եղանակային պայմանների  (սառը,  ուժեղ  քամի), որը  վատ  ֆուտբոլային պայմաններ էր ստեղծել, գուցե «ձեռնտու» եղավ  երևանյան ակումբի  ֆուտբոլիստների  համար, քանի որ դա գուցե  նպաստեց, որ նրանք  չպարտվեցին՝  էլ ավելի խոշոր  հաշվով,  թեև  առաջինը  հասան հաջողության։ Հանդիպման 24-րդ  րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը  կարողացավ բացել հանդիպման հաշիվը և նոր խնդիր  առաջադրել  չեմպիոնական տիտղոսի համար պայքարող  «Շիրակին»,  սակայն չանցած մեկ րոպե գյումրեցիները նետվեցին  գրոհի, վաստակեցին  տուգանային հարվածի  իրավունք,  իսկ Ժիրայր Մարգարյանը, ով նաև  դարձավ դուբլի հեղինակ այս խաղում, գեղեցիկ, այսինքն՝  շքե՛ղ հարվածով կարողացավ հավասարեցնել հաշիվը, այս իրենց համար անչափ կարևոր խաղում։

Երկրորդ խաղակեսում «Շիրակը»  ավելի լավ տեսք ուներ,  կազմակերպված թիմային ֆուտբոլը ցույց էր տալիս, որ թիմի գլխավոր մարզիչ՝  Վարդան Բիչախչյանը լուրջ  զրույց է  ունեցել ընդմիջմանը իր սաների հետ, քանի որ առաջին խաղակեսում  նա բավականին դժգոհ էր իր  ֆուտբոլիստների խաղադաշտում կատարված  գործողություններից։

Երկրորդ  խաղակեսում  ավելացնելով խաղային ճնշումը  «Շիրակի»  ֆուտբոլիստները  երեք  անպատասխան  գնդակ  ուղարկեցին  «Արարատի»  դարպասը,  սակայն դա  ոչ թե  գյումրեցիների ճնշման արդյունքն էր, այլ ավելի շատ  երևանյան  ակումբի պաշտպանության  անփույթ  և անհասկանալի գործողությունները, ինչի  արդյունքում  երկու  անգամ գլխով գոլ հեղինակեց առաջնության լավագույն ռմբարկու՝ Մորի Կոնեն, ով իր գոլերի քանակը  հասցրեց  21-ի, իսկ խաղավարտից մի քանի վայրկյան առաջ Ժիրայր Մարգարյանը կրկնեց Կոնեի հաջողությունը։

«Շիրակը»  հաղթեց 1։4 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի  առաջատարի դիրք՝ երկիշխանություն հաստատելով գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։

               «Ալաշկերտ» — «Նոա» ՖԱ

Բագրատ Նավոյանի «Ալաշկերտը» գուցե ամենակարևոր  հանդիպումներից մեկը անցկացրեց 25-րդ  տուրում, մրցելով արդեն չեմպիոնության ևս մեկ հավանական հավակնորդ՝  «Նոայի» դեմ։   Ինչու՞ չեմպիոնության հավակնորդ, քանի որ թիմը ընդամենը 3 միավորով է  զիջում առաջատար  երկու  թիմերին  և նրանց ցանկացած  սայթակում կարող է  նոր  հնարավորություններ  ստեղծել այս  հետաքրքիր  և  ուժեղ  թիմի  համար։

Այս  թիմերի միջև  հանդիպումը անցավ բավականին  զգուշավոր  պայքարում,  թիմերը հասկանում էին, որ  ցանկացած  սխալ կարող է ճակատագրական  հետևանք  ունենալ,  ինչն էլ  ազդեց  հանդիպման  դիտարժանության վրա։  Հիմնականում «Ալաշկերտն» էր  փորձում  սրություն հաղորդել  գրոհներին, սակայն  վերջին եզրափակիչ դիպուկ հարվածը կամ ուշանում էր, կամ էլ պարզապես  հարվածը ֆեպի դարպասը շեղ էր։  Իսկ  ահա   համբերատար  «Նոան»  սպասեց իր շանսին, և ստացավ այն, խաղավերջում  մոտ  35 մետր  հեռավորությունից  ստանալով  տուգանային հարվածի իրավունք,  խաղադաշտ փոխարինման մտած Կիրիլ Բոռը թնդանոթային  հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը, դառնալով այս  խաղում  ֆանտաստիկ և  հաղթական գոլի հեղինակը։

Այս  հաղթանակը  թույլ  տվեց  Վադիմ Բորեցի թիմին վաստակել 42 միավոր,  և  բարձրանալ մրցաշարային աղյուսակի  3-րդ  հորիզոնական, շրջանցելով նույն  «Ալաշկերտին»,  որը իր  ակտիվում  ունի 40 միավոր։  Այս հաղթանակը  «Նոայի» համար  հնարավորություն է  պայքարել նաև ինչու ոչ չեմպիոնության համար, խառնելով Վարդան Բիչախչյանի (Շիրակ) և Վարդան Մինասյանի  (Արարատ-Արմենիա)   բոլոր խաղաքարտերը։

        «Լոռի» — «Արարատ-Արմենիա»

Վանաձորում թեժ էր։  Աբրահամ Խաշմանյանի  գլխավորած  «Լոռին» ապացուցելու շատ բան ուներ։  Վերջին  խաղերում  թիմի  անհաջող  մրցելույթները  նպաստեցին վանաձորյան  թիմին նահանջել  լավագույն վեցնյակի նախավերջին հորիզոնական, իսկ  մրցակիցը  գործող  չեմպիոն  «Արարատ-Արմենիան» էր, որը ի դեպ ոչ պակաս  անհաջող մրցելույթներ է անցկացնում։

Հանդիպումն  անհաջող  դասավորվեց «Լոռիի»  համար,  խաղի  սկզբնամասում պաշտպանների պաշտպանությունից դուրս գալու անհաջող փորձի պատճառով կորցրեցին գնդակը, իսկ Յոհան Գուֆֆրանի հարվածից հետո  անդրադարձի հետևանքով ինքնագոլի հեղինակ  դարձավ՝ «Լոռիի»  պաշտպան Խուան Բրավոն։  Կարծես թվում էր, որ չեմպիոնը  առանց որևէ   դժվարության կհաղթի այս խաղում, սակայն  երկրորդ խաղակեսում,  ճակատագիրը նոր անակնկալ  մատուցեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմին։ Նախ երկրորդ խաղակեսի միջնամասում  կարմիր  քարտ ստացավ Դիմչևսկին,  իսկ տասը րոպե  անց  վանաձորյան  թիմը 11-մետրանոց  տուգանային հարվածի  իրավունք  ստացավ, որն էլ  հստակորեն իրացրեց «Լոռիի»  լավագույն ռմբարկու՝ Ջոնել Դեսիրեն, 1։1։

Ժողովրդական ասացվածք կա «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։  Խաղավերջում երբ թվում էր, որ հանդիպումը  այդ արդյունքով էլ կավարտվի, լոռեցիները անկյունայինի խաղարկման հնարավորություն ստացան,  իսկ դրա  ավարտը  եղավ Միհրան Մանասյանի  մկրատ տեսակի ոճով  անչափ  խփած գեղեցիկ  գոլը։  Հանդիպման ժամանակ խաղի մեկնաբան՝ Ռոբերտ Գասպարյանը նշեց՝ «Լոռին» վատ խաղով հաղթեց, սակայն ավելի վատ խաղաց  «Արարատ-Արմենիան»։

Այսպիսով,  «Արարատ-Արմենիան» զիջեց առաջատարի  դիրքը  Գյումրու  «Շիրակին»։ Մաքուր երրորդ  հորիզոնականում հայտնվեց  «Նոան», որը  շնչում է առաջատարների թիկունքում։  Այս  թիմերի  ցանկացած միավորի կորուստ  կարող է ճակատագրական հետևանք  ունենալ, ինչը  եղավ  «Արարատ-Արմենիայի» դեպքում, թիմը  մեծ  միավորների առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ, սակայն արդեն  մեծ կասկած է նրա չեմպիոն դառնալու հարցը։  Մրցաշարային աղյուսակի պատկերն այսպիսին է ՝ առաջնության ավարտից երեք տուր առաջ,  իսկ ամենահետաքրքիր  ու լարված հանդիպումները  դեռ  առջևում են։

հեղ. Արսեն Բարսեղյան

 

 

 

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով