Կարմիր քարտերը հայկական ֆուտբոլում. ամենաշատը պատժվում են մեկ թիմի մրցակիցները

Որքան մոտենում է առաջնության ավարտը, այնքան շատանում է յուրաքանչյուր միավորի արժեքը, հետևաբար նաև գոլի, գրոհի, հակագրոհի և այն թույլ չտալու անհրաժեշտությունը: Այստեղից սկսում են կտրուկ շատանալ դեղին ու կարմիր քարտերը: Հայաստանի առաջնության վերջին 3 խաղերում 4 կարմիր քարտ է ցույց տրվել: Հետաքրքիր է, որ հեռացումների նման տեմպ գրանցվեց նոյեմբեր-դեկտեմբերին, երբ երկար արձակուրդին շատ թիմերն ուզում էին հնարավորինս բարձր տեղերով գնալ:
Sportx.am-ը հաշվարկեց Հայաստանի ընթացիկ առաջնության կարմիր քարտերի թիվը և մի քանի զարմանալի ցուցանիշների հանդիպեց:
Նախ սկսենք ընդհանուր կարմիր քարտերի թվից: Առաջնության ավարտից առաջ 32 հեռացում է գրանցվել: Եթե այն բաշխում ենք ըստ թիմերի, ապա դժվար է որևէ կողմնակալություն նկատել, գրեթե հավասարություն է: Երեկ «Շիրակի» ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին և նրանք 2 հեռացումներ ստացան և այդ ցուցանիշով իրենց ակումբին դարձրեցին առաջատար (կամ հետնապահ, կախված է մոտեցումից). 5 կարմիր քարտ:
Բարձրագույն խմբում ամենաշատ կարմիր քարտեր ստացող թիմերը.
«Շիրակ» – 5
«Ալաշկերտ» – 4
«Փյունիկ» – 4
«Արարատ-Արմենիա» – 3
«Նոա» – 3
«Լոռի» – 3
«Արարատ» – 3
«Ուրարտու» – 3
«Գանձասար-Կապան» – 3
«Երևան» – 1
Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ սկսում ենք հաշվարկել, թե այդ կարմիր քարտերը, որ թիմերի օգտին են եղել: Այստեղ անսպասելի և բացարձակ առաջատարը «Արարատն» է, որի երկրպագուները հաճախ են մրցավարներին մեղադրում նրանց սիրելի թիմի օգտին միտումնավոր վատ դատելու մեջ: «Արարատի» խաղերի ժամանակ նրա մրցակիցներին 8 կարմիր քարտ է ցույց տրվել: Որպեսզի հասկանաք, թե դա որքան մեծ թիվ է, նշենք, որ կարմիր քարտերից մոտակա ամենաշատ օգուտ ստացած թիմերը կրկնակի զիջում են առաջատարին:
Ամենաշատը որ թիմերի մրցակիցներին են հեռացրել խաղադաշտից.
«Արարատ» – 8
«Արարատ-Արմենիա» – 4
«Ալաշկերտ» – 4
«Նոա» – 4.
«Փյունիկ» – 4
«Լոռի» – 3
«Շիրակ» – 3
«Գանձասար-Կապան» — 2
Ուրարտու – 0
Երևան – 0
Ֆուտբոլիստների հաշվարկում որևէ մեկի կողմից, ըստ կարմիր քարտերի, մշտական լուրջ կոպտություն չի նկատվել: Երկու անգամ հեռացման արժանացել է միայն «Ալաշկերտի» պաշտպան Նիկիտա Բարանովը, սակայն երկու դեպքում էլ 2 դեղին քարտերի պատճառով: Մյուս բոլոր հեռացվողներն առաջնությունում միայն մեկ անգամ են պատժվել:
Հ.Գ.
Իհարկե, կարմիր քարտերի ազդեցությունը խաղի վրա կարող է տարբեր լինել: Մասնավորապես, վերջին րոպեներին ֆուտբոլիստի հեռացումը նվազագույն ազդեցություն կունենա խաղի վրա: Կարող են լինել դեպքեր, երբ ակնհայտ կարմիր քարտ ցույց չտրվի կամ ընդհակառակը` անհիմն հեռացնեն ֆուտբոլիստին: Այդ ամենը մասնագիտական վերլուծություն է պահանջում:
Նաև կարող է կարմիր քարտը 11-մետրանոցի հետ միասին լինել, ինչը կրկնակի կբարդացնի քիչ խաղացողով մնացած թիմին: Ի դեպ, 11-մետրանոցների մասին: Մեր նախորդ նյութերից մեկում հաշվել էինք Հայաստանի առաջնության թիմերի օգտին նշանակվող 11-մետրանոցների թիվը: Համեմատեք այն այս նյութի հետ և տեսեք կարո՞ղ եք խուսափել հետևյալ հարցերից. միթե՞ մրցավարներն իսկապես չեն սիրում «Ուրարտուին» և ինչո՞ւ դա այդպես:
Հայկ Հովհաննիսյան