ՀՖՖ-ի կողմից ցմահ որակազրկված ֆուտբոլիստ. «Ինչպե՞ս կարելի է մեղադրել մարդուն, երբ նա անմեղ է»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի աղմկահարույց որոշումից հետո բազմաթիվ ֆուտբոլիստներ ու ֆուտբոլային գործիչներ ցմահ որակազրկվել են ֆուտբոլից: Նրանց թվում է նաև «Երևանի» նախկին կիսապաշտպան Պապե Դեմբա Դիյեն, ով ձմռանը տեղափոխվել է «Լեռնային Արցախ»: Sportx.am-ը զրուցեց սենեգալցի ֆուտբոլիստի հետ, ով ապշած էր կայացված որոշումից:

— Ինչպե՞ս իմացաք, որ ցմահ որակազրկվել եք:

— Մեր ակումբի ադմինիստրատորն ինձ ասաց:

—  Ֆեդերացիայի հայտարարության մեջ հենց նշված էր, որ ակումբը պետք է տեղեկացնի որակազրկված ֆուտբոլիստներին: Ձեր դեմ հնչող մեղադրանքները հիմնավո՞ր են:

— Ոչ: Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես հավատարիմ եմ իմ ակումբին, մաքուր մարդ եմ, մուսուլման: Ես երբեք չեմ խաբում և վատ բաներ չեմ անում իմ կյանքում: Ես հենց այդպիսի դաստիարակություն եմ ստացել:

— Այդ դեպքում ինչո՞ւ են ձեզ մեղադրում:

— Ես նույնիսկ չգիտեմ այդ մեղադրանքի պատճառը և երդվում եմ Սուրբ Ղուրանով, որ կյանքում երբեք չեմ իմացել, թե ովքեր և ինչպես են «խաղ վաճառում», թե դա ինչպես են կազմակերպում: Պատրաստ եմ գնալ նույնիսկ ոստիկանություն, քանի որ մաքուր մարդ եմ: Ինքս թույլ չէի տա, որ պայմանավորված խաղ կայանա: Իսկ  ֆեդերացիայի մեղադրանքը զրպարտություն է: Ինչպե՞ս կարելի է մեղադրել մարդուն, երբ նա անմեղ է:  Պատրաստ եմ նույնիսկ կյանքս վտանգի տակ դնել` ապացուցելու համար, որ այդ մեղադրանքներն անհիմն են: Երդվում եմ Աստծո անունով  կպարզեմ տեղի ունեցածը:

— Ֆեդերացիան նշում է, որ ապացույցներ ունի և կարող է այն տրամադրել, եթե մեղադրյալները ցանկանում են ստանալ:

— Ուրեմն թող ցույց տա:

— Դրա համար դուք պետք է դիմում ներկայացնեք:

— Կներկայացնեմ: Ես ուզում եմ տեսնել, թե այդ ինչի մասին են նրանք խոսում, ինչում են ինձ մեղադրում:

— Հիմա որտե՞ղ եք գտնվում:

— Երևանում: Ինչպես գիտեք հանդես եմ գալիս «Լեռնային Արցախի» կազմում: Այս ընթացքում չեմ հեռացել Հայաստանից: Ես ոչ մի տեղ չեմ գնում, քանի որ մաքուր մարդ եմ, երդվում եմ Ալլահի անունով:

— Լավ է, որ Երևանում եք:  Եթե իսկապես անմեղ եք, կարող եք ավելի արագ դա ապացուցել:

— Կանեմ դա: Ինձ հետ կլինի նաև մեր ակումբի տնօրենների թիմը: Իմ գործակալին նույնպես կուղարկեմ փաստաթղթերը:

— Ըստ երևույթին` հիմնական մեղադրանքը «Լոռի» — «Երևան» (8-0) հանդիպման վերաբերյալ է, որովհետև ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն «Երևանի» միայն այդ խաղն է որոշել չեղարկել: Այդ մրցավեճին դուք նույնպես մասնակցել եք: Հանդիպման ժամանակ կասկածելի բան չե՞ք նկատել:

— Ոչինչ չեմ նկատել: Հանդիպմանը տրվել եմ սրտանց, ինչպես բոլոր խաղերում: Իմ կյանքում մեկ բան գիտեմ. մարդիկ պետք է վստահեն քեզ արած լավ աշխատանքի համար: Ես ընդամենը մասնակցում եմ խաղին և վերադառնում տուն:

— «Երևանի» հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

— Ես նրանց հետ պայմանագիր էի կնքել, և հաճախ խաղաժամանակ էի ստանում, բայց վերջին 3 ամիսների իմ աշխատավարձը չեն վճարել: Այդ հարցով մոտեցա ակումբի նախագահին, ասաց փող չունի: Այդ մասին պատմել եմ իմ գործակալին: Նրան ասացի, որ այլևս չեմ կարող մնալ այդ թիմում, քանի որ աշխատավարձ չեն տալիս: Իմ ընտանիքը բնակվում է  Ֆրանսիայում: Նրանք էին ինձ գումար ուղարկում, որ կարողանամ բնակվել այստեղ: Ակումբն ինձ բնակարան էր գտել, սակայն գումար չտվեց, որ վճարեմ վարձը: Ոչինչ ինձ չեն տալիս: Իմ հեռախոսի մեջ ունեմ հաղորդագրություններ իմ թիմակիցների հետ, որում ես խոսում եմ նշածս իրավիճակների մասին:

— Դուք բողոք ներկայացրե՞լ եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ չեք ստացել Ձեր աշխատավարձը:

— Դա իմ գործը չէր, այդ հարցով պետք է իմ գործակալը զբաղվեր, ում ներկայացրել էի իրավիճակը:  Նա ասաց, որ գնամ Հայաստանում բնակվող իր ծանոթ փաստաբանի մոտ, որ զբաղվի այդ հարցով: Գործակալս բնակվում է Իսպանիայում, իսկ փաստաբանը հայ է: Երեք շաբաթ առաջ խոսեցի այդ սպորտային փաստաբանի հետ: Նա ինձ հայտնեց, որ «Երևանի» կազմում հանդես եկած հայ ֆուտբոլիստներ կան, որոնք նույնպես դիմել են նրան չվճարված աշխատավարձերի վերաբերյալ: Նա նշեց, որ տեսել է փաստաթղթեր, ըստ որոնց «Երևանը» վճարունակ չէ:  Հավելեց, որ պետք է իմ գործակալի միջոցով փորձեմ այդ հարցը լուծել ՈւԵՖԱ-ի կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով:

Հայկ Հովհաննիսյան

 

Ինչպես է Դեմբան խաղացել Հայաստանում (տեսանյութ)

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով