Գյումրիում տեղած կարկուտի պատճառով քանդվել է «Քաղաքային» մարզադաշտի ցանկապատը (լուսանկարներ)

Այսօր Գյումրիում արտակարգ իրավիճակ է ստեղծվել տեղած կարկուտի ու հորդառատ անձրևի պատճառով: Տուժել է նաև «Քաղաքային» մարզադաշտը, որտեղ տնային խաղերն է անցկացնում «Շիրակը»: Գյումրու ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քանդվել է ստադիոնի ցանկապատերից մեկը: Մոտ 10-15 մետր երկարությամբ հատվածում խաղադաշտի մոտ հող է լցվել:
Հատկանշական է, որ կարանտինի ընթացքում «Շիրակի» անցկացրած տնային խաղերի ժամանակ թիմի երկրպագուները հենց այդ հատվածում էին կանգնում, քանի որ նրանց թույլ չէր տրվում ստադիոնի տարածք մտնել:
Վաղը` հուլիսի 14-ին, առաջնության վերջին խաղում «Շիրակը» կընդունի «Ալաշկերտին»: