Խոակին Կապառոսը` Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների մասին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ազգային ընտրանու նորեկների մասին հարցերին:
Հայաստանի հավաքականի նորեկ, «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդո Իմեի մասին.
«Այդ ֆուտբոլիստի խաղին նաև Իսպանիայում էինք հետևում, որովհետև հնարավորություն չունեինք գալ Հայաստան: Բազմաթիվ խաղեր ենք տեսել նրա մասնակցությամբ: Ֆեդերացիայի նախագահին հարց տվեցի, թե արդյո՞ք հնարավոր է այդ ֆուտբոլիստին ընդգրկել ազգային հավաքականում: Դրական պատասխանից հետո անմիջապես հետաքրքրվեցի` արդյո՞ք նա ցանկություն ունի խաղալ հավաքականում: Ցանկությունը և նվիրվածությունն ավելի վեր են, քան բուն ֆուտբոլային որակները: Այդ տղայի շնորհիվ ունեցանք ևս մեկ խաղացող, ով լրացուցիչ մրցակցություն կհաղորդի թիմին:
5 տարի Հայաստանում անցկացրած մյուս լեգիոներ` Անգուլո Վբեյմարի («Գանձասար-Կապան») և հարձակվող Գեղամ Հարությունյանին ազգային հավաքական հրավիրելու մասին.
«Չէի ցանկանա հիմա խորանալ անունների մեջ: Ամեն դեպքում չի բացառվում, որ Անգուլոյին նույնպես հրավիրենք հավաքական: Կառաջնորդվենք Սոլոմոնին հրավիրելու օրինակով: Նույնը կարող եմ ասել Գեղամ Հարությունյանի վերաբերյալ: Չենք կարող անտեսել որևէ ֆուտբոլիստի: Եթե նպատակահարմար գտնենք, անպայման կհրավիրենք»:
Իսպանացու պատասխանը Լուկաս Զելարայանին, Խորեն Բայրամյանին, Մատյո Եզիկյանին, Արշակ Կորյանին և Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրելու մասին հարցին.
«Իհարկե, այդ ֆուտբոլիստները կարող են հետաքրքիր լինել մեզ համար, բայց քանի դեռ չունենք հստակ տեղեկություն` նրանք կարո՞ղ են համալրել մեր թիմը, թե՞ ոչ, այժմ կարծիք չէի հայտնի»:
Երիտասարդական հավաքականից ազգային ընտրանի տեղափոխվելու արժանի թեկնածուների մասին.
«Այո, կան այդպիսի ֆուտբոլիստներ, բայց շատ կարևոր է, որ նրանք մշտական խաղաժամանակ ունենան: Առանց խաղային պրակտիկայի շատ դժվար է խաղալ ազգային հավաքականում: Երիտասարդներին անհրաժեշտ է խաղալ, սխալներ թույլ տալ, իսկ եթե նրանք այդ շանսը չեն ստանում, պարզապես անհետանում են: Վստահ եմ, որ Բարձրագույն խմբի նոր կանոնադրության պարագայում երիտասարդները խաղային պրակտիկա կունենան և կկարողանան իրենց դրսևորել: Քանի որ մեր մյուս հավաքականների մարզիչները շատ լավ աշխատանք են կատարում, այդ ֆուտբոլիստները աճելու հնարավորություն ունեն»: