Գործակալ. «Հայկական ակումբները սկսելու են շեշտը դնել ոչ թե քանակի, այլ որակի վրա»

ՀՖՖ-ն նոր օրենք է սահմանել, ըստ որի առաջնության հանդիպումների ժամանակ  յուրաքանչյուր թիմի մեկնարկային կազմում և խաղի ընթացքում պետք է պարտադիր 2 տեղացի ֆուտբոլիստներ լինեն: Թե ինչպես այդ որոշումը կազդի հայկական ֆուտբոլի տրանսֆերային շուկայի վրա, Sportx.am-ը քննարկել է 007 գործակալության ղեկավար Արման Հարությունյանի հետ: Վերջինս հեղինակություն է ձեռք բերել որակյալ լեգիոներների տրանսֆերներ կազմակերպելով: Նրա միջոցով Հայաստան են եկել Յուսուֆ Օտուբանջոն, Ջոնել Դեսիրեն, Ալեքս Ջունիորը, Ալեքսիս Ջիմի-Բենդը, Իլյա Անտոնովը և ուրիշներ:

— Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՖՖ-ի նոր օրենքին:

— Միանշանակ կողմ եմ, նույնիսկ լավ կլիներ 2-ից բացի երրորդ հայ խաղացող էլ պարտադրեին, ով մինչև 23 տարեկան կլիներ: Այս սահմանափակումը 100 տոկոսով օգուտ կտա մեր հայ ֆուտբոլիստների զարգացմանը: Վերջին 2-3 տարում տեղացի միայն մեկ լիարժեք պատրաստ ֆուտբոլիստ ենք ունեցել` Էրիկ Վարդանյանը: Մնացած 80 տոկոսը խաղաժամանակ չեն ստացել իրենց որակները ցույց տալու համար: Հույս ունենանք, որ գալիք մրցաշրջանում ավելի լավ հայ ֆուտբոլիստներ կտեսնենք: Համոզված եմ, մեր հայ պատանի խաղացողներն ունեն մեծ պոտենցիալ: Պարզապես պետք է նրանց վստահել:

— Սահմանափակումն ինչպե՞ս կազդի լեգիոներներ հրավիրելու գործընթացի վրա:

—  100 տոկոսով կարող եմ ասել, որ դա ակումբների համար մեծ խթան կհանդիսանա ավելի որակյալ լեգիոներներ հրավիրելու համար: Այսուհետ շեշտը կդնեն ոչ թե քանակի, այլ որակի վրա:

— ՀՖՖ-ի որոշումից հետո հայ ֆուտբոլիստների նկատմամբ պահանջարկն ինչպե՞ս է փոխվելու կամ արդեն փոխվել:

— Համոզված եմ, որ պահանջարկը կմեծանա: Հիշենք, որ նախկինում բավականին շատ ֆուտբոլիստներ ունեինք, որոնք արտասահմանում էին հանդես գալիս: 2013-14 թվականներին մեր հավաքականի զգալի մասն այլ երկրներում էր խաղում: Երբեմն մեր հարևան Վրաստանի տարբեր տարիքային հավաքականներին եմ նայում, շատերը հանդես են գալիս Եվրոպայում, իսկ նրանց Ազգային հավաքականից` 90 տոկոսը: Հուսանք` այս սահմանափակումով շատ հայ պատանի խաղացողներ ի հայտ կգան:

— Դուք հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ գործակալն եք:

— Ես ունեմ շատ արտասահմանցի հաճախորդներ, որոնք տարբեր հավաքականներում են հանդես գալիս: Իսկ Հայաստանում այս պահի դրությամբ օգնում եմ 2 տաղանդավոր երիտասարդների` Ալբերտ Խաչումյանին («Արարատ-Արմենիա») ու Արթուր Քարտաշյանին («Փյունիկ»): Վստահ եմ` նրանք ներուժ ունեն Եվրոպայում իրենց գերազանց դրսևորելու համար:

— Ռուսաստանի օրինակով տեսել ենք, որ սահմանափակումների պարագայում կտրուկ և անհիմն բարձրանում են տեղացիների աշխատավարձերը: Դա նրանց չի խթանում ուժեղ առաջնություն գնալ: Բարձրագույն խմբում հայերի դեպքում նո՞ւյնը կլինի:

— Հնարավոր է, չեմ բացառում: Բայց ես հավաստիացնում եմ, որ շատ հայ խաղացողներ այլ մտածելակերպ ունեն: Նրանք ավելի շատ մտածում են կարիերայի մասին, այլ ոչ թե փողի:

— Հիմա արտասահմանցիներն ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի առաջնությանը: Դժվա՞ր է նրանց համոզել գալ Հայաստան, թե՞ հեշտացել է:

— Կարելի է ասել`  նախորդ տարվանից սկսած հեշտացել է ավելի բարձրակարգ խաղացող բերել Հայաստան: Օրինակ` 1-2 տարի առաջ զրո հավանականություն կլիներ Ավստրիայի փոխչեմպիոն թիմից մարդ բերել այստեղ: Բայց կես տարի առաջ ես ու «Արարատ-Արմենիան» կարողացանք բերել Յուսուֆ Օտուբանջոյին, որն ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ մակարդակի խաղացող է: Եվրոգավաթներում մեր թիմերի հաջողություններն ավելի վստահություն ներշնչեցին արտասահմանցի ֆուտբոլիստներին:

Հայկ Հովհաննիսյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball