Դավիդ Կամպանյա. «Իմ առաջ խնդիր է դրված հզոր խաղային մոդել ստեղծել` առանց վախերի»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է ակումբի նորանշանակ մարզիչ Դավիդ Կամպանիայի հետ նոր թիմ գլխավորելու, նպատակների և Հայաստան վերադառնալու մասին:

  1. Ինչպե՞ս որոշեցիք ընդունել «Արարատ-Արմենիային» միանալու առաջարկը:

— «Արարատ-Արմենիան» ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու: Ես զգում էի, որ իմ աշխատանքը Հայաստանում դեռ չեմ ավարտել, երբ ակումբին միանալու առաջարկ ստացա, որոշեցի ընդունել այն: Կարող եմ ասել, որ սա փոխադարձ համակրանք էր իմ և ակումբի միջև:

  1. Հետևե՞լ եք «Արարատ-Արմենիայի» խաղերին, ի՞նչ տպավորություն ունեք թիմի մասին:

— «Արարատ-Արմենիան» հաղթող թիմ է՝ շատ լավ ֆուտբոլիստներով, ովքեր լավ մարզված են Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Վստահ կարող եմ ասել, որ այս ակումբին միանալը մեծ մարտահրավեր է այն ավելի զարգացնելու, նոր խաղաոճ ստեղծելու և ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու առումով:

  1. Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առաջ որպես ակումբի գլխավոր մարզիչ:

— Ես հավատում եմ, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ամեն օր քրտնաջան աշխատել: Պետք է աշխատել քայլ առ քայլ, և մի օր երբ ետ նայես՝ կտեսնես, թե ինչերի ես հասել: Առաջին նպատակն է հստակ խաղաոճ ունենալը:

  1. Արդեն հանդիպե՞լ եք թիմի ֆուտբոլիստներին:

— Դեռ ոչ, քանի որ Իսպանիայից ժամանելուց հետո խիստ մեկուսացման մեջ էինք: Վաղը այդ կարևոր օրն է մեզ համար, երբ հանդիպելու ենք ֆուտբոլիստների հետ:

  1. Շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը, ինչպե՞ս եք պատրաստելու թիմին այս կարևոր մրցաշարին:

— Ֆուտբոլը մի խաղ է, որտեղ ամենակարևորը սեփական ուժերին վստահելն է: Իմ առաջ խնդիր է դրված հզոր խաղային մոդել ստեղծել` առանց վախերի: Ինչքան շուտ սկսենք մեր մարզումները՝ այդքան պատրաստ կլինենք մրցել եվրոպական ակումբների հետ:

  1. Բոլորիս համար բարդ ժամանակներ են, կորոնավիրուսի համաճարակը ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա`անմասն չի մնացել նաև ֆուտբոլը: Ի՞նչ եք կարծում, կլինեն գլոբալ փոփոխություններ ֆուտբոլում համաճարակի ավարտից հետո:

— Ես կարծում եմ, որ լուրջ և պրոֆեսիոնալ ակումբներն ավելի լավ կգոյատևեն այս ընթացքում, քան մյուսները: Փոփոխություններին արագ և հեշտ հարմարվելը հաջողության գրավականներից մեկը կլինի ապագայում:

  1. Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

— Հայաստանը հիանալի երկիր է՝ յուրահատուկ մշակույթով և լավ մարդկանցով: Կարծում եմ, որ հայերը հպարտ ժողովուրդ են: Նրանք շատ նման են իսպանացիներին, հենց դրա համար էլ ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Ի դեպ, հայկական խորովածն ուղղակի հիանալի է (ծիծաղում է):

  1. Եվ վերջում, Ձեր խոսքն ուղղված թիմի երկրպագուներին:

— Ես չեմ կարող մեծ խոստումներ տալ մեր երկրպագուներին, բայց ես կարող եմ խոսք տալ, որ նրանք կտեսնեն քրտնաջան աշխատող և կատաղի սոված թիմ, ովքեր կպայքարեն մինչև վերջ: Խոստանում եմ միշտ կատարել իմ պարտականությունները:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով