Ամերիկահայերը Հայաստանում նոր ակումբ են հիմնադրել. Վահե Գևորգյանը պատմում է` ինչպիսին կլինի «Նորավանքը»

Հայաստանում նոր ակումբ է հիմնադրվել` «Նորավանքը»: Դա Հայաստանի միակ թիմն է լինելու, որը կներկայացնի Վայոց Ձորի մարզը: Նախկինում այդ մարզում նույնիսկ մանկապատանեկան թիմեր չկային, իսկ հիմա «Նորավանքը» մտադիր է լուրջ ազդեցություն ունենալ մարզի սպորտային ներգրավածության վրա: Այդուհանդերձ, նորաստեղծ ակումբի մասին քիչ բան է հայտնի, այդ պատճառով Sportx.am-ը զրուցեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ: Վերջինս չնայած երիտասարդ տարիքին, արդեն բավականին փորձառու է և նույնիսկ հասցրել է արտասահմանում աշխատել:

— Ինչպե՞ս ստացվեց, որ գլխավորեցիք «Նորավանքը»:

— 2019 թվականի մայիսի 30-ից աշխատում էի Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում գտնվող FDC Vista ֆուտբոլային ծրագրում: 2020 թվականի մարտ ամսին անձնական գործերով ժամանեցի Երևան: Հենց այդ ժամանակ էլ լրիվ պատահական հանդիպեցի և ծանոթացա ակումբի սպորտային տնօրեն Գարո Բալյանին: Կարճ զրույցից հետո պայմանավորվեցինք կրկին հանդիպել և զրուցել նրա ֆուտբոլային ծրագրի շուրջ: Հետո միասին հանդիպեցինք և քննարկեցինք հնարավոր համագործակցությունը նաև ակումբի գլխավոր տնօրեն Արմեն Լիսիկյանի հետ: Մայիս ամսին ստացա ակումբը գլխավորելու առաջարկ: Նշեմ, որ ունեի առաջարկներ այլ ակումբներից ևս, սակայն «Նորավանքի» ծրագիրը առավել գրավիչ էր և հաճույքով ընդունեցի այն:  Շատ շնորհակալ եմ ակումբին վստահության համար:

— Որո՞նք են այդ գրավիչ ծրագրերը:

— «Նորավանքը» շատ ամբիցիոզ և մշակված ֆուտբոլային ծրագիր է Վայոց Ձորի մարզում: Վերանորոգվելու են Վայքի և Եղեգնաձորի խաղադաշտերը, կառուցվելու է շենք, որը ներառելու է ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կացարան, ճաշարան, մազասրահ և գրասենյակային տարածք: Այդ գործընթացն ավարտելուն պես թիմը կտեղափոխվի Եղեգնաձոր: Կատարվում են քայլեր սեփական մանկապատանեկան դպրոց ստեղծելու համար, որը հետագայում կադրեր կմատակարարի առաջին թիմին: Արդեն հավաքագրվում է աղջիկների թիմը: Իրականացվելու են հետաքրքիր սոցիալական ծրագրեր: Ես աշխատել եմ հայկական տարբեր ակումբներում, սակայն նրանցից մեկը էականորեն տարբերվում էր մնացածներից: Դա Վանաձորի «Լոռին» էր: Վանաձորը բառի բուն իմաստով ապրում է այդ ակումբով, ինձ թվում է «Նորավանքը» նոր շունչ կհաղորդի Վայոց Ձորի ոչ միայն սպորտային կյանքին: Չեմ կարող չնշել նաև սեփականատերերի ադեկվատ և լուրջ մոտեցումները: Մեր հայկական ֆուտբոլում հազվադեպ հանդիպող հենց այս երևույթներն էլ որոշիչ դեր խաղացին իմ կողմից ակումբը գլխավորելու առաջարկն ընդունելու հարցում:

— Մինչև Եղեգնաձորի խաղադաշտի վերանորոգումը որտե՞ղ եք խաղալու:

— Մարզվելու և խաղալու ենք Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում: Ի դեպ, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Վան» ֆուտբոլային ակումբին այդ համագործակցության համար:

— Ըստ Ձեզ` որքա՞ն կմնաք Չարենցավանում:

— Եղեգնաձորում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ հնարավորինս շուտ տեղափոխվենք մեր քաղաք: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, Չարենցավանում կմնանք մինչև մրցաշրջանի կեսը, իսկ հետո կտեղափոխվենք Եղեգնաձոր: Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը շատ խանգարեց, այլապես ավելի շուտ կտեղափոխվեինք:

Նշեցիք ղեկավարների ադեկվատ մոտեցման մասին: Որքանո՞վ տեղյակ եմ սեփականատերերն ԱՄՆ-ից են…

— Այո, ակումբը հիմնվել է Սիմոն և Լինդա Բալյանների և նրանց որդու՝ Գարո Բալյանի կողմից։ Բալյանների ընտանիքը Հայաստանի անկախացումից ի վեր հանրապետության գրեթե բոլոր մարզերում իրականացրել է բազմաթիվ զարգացման ծրագրեր։ Գարո Բալյանը երիտասարդ տարիքից խաղացել է ֆուտբոլ և եղել է թիմի ավագը։ Նա ավարտել է Նյու Յորքի պետական համալսարանը՝ սոցիոլոգի և հոգեբանի որակավորմամբ, բայց նրա առաջնային նպատակը եղել է սպորտը, այդ իսկ պատճառով որոշել է կարիերան շարունակել ֆուտբոլում, ակումբի ղեկավար դառնալ։

— Թիմի կազմավորման մասին… Հիմա ո՞ր փուլում եք:

— Այժմ գտնվում ենք սելեկցիոն ակտիվ փուլում: Կարելի է ասել՝ թիմը կիսով չափ ձևավորվել է: Շեշտը դրել ենք հայ ֆուտբոլիստների վրա: Մեր ակումբում այդպես որոշված էր մինչ ՀՖՖ-ի կողմից լիմիտի հետ կապված փոփոխոթյունները: Իհարկե, կունենանք մի քանի օտարերկրացի ֆուտբոլիստներ, բայց միայն այն դիրքերում, որտեղ հնարավոր չի լինի հայ ֆուտբոլիստների հրավիրել: Ուրախացնում է այն փաստը, որ արդեն համաձայնության ենք եկել մի քանի երիտասարդ ֆուտբոլիսների հետ, ովքեր պարբերաբար հրավիրվում են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական: Ինչպես նաև արդեն պայմանագրեր ենք ստորագրել որոշ փորձառու ֆուտբոլիստների հետ: Մինչև առաջնության սկսելը պետք է ձևավորենք մարտունակ կազմ:

— Կարո՞ղ եք նշել, նորեկներից մի քանի անուն:

— Կցանկանայի դրա մասին խոսել ակումբի պաշտոնական հայտարարություններից հետո: Շուտով կհայտարարենք բոլոր ձեռքբերումների մասին:

— Ակումբի առջև ի՞նչ նպատակ է դրվել:

— Մենք պետք է քայլ առ քայլ կառուցենք մարտունակ և հավակնոտ թիմ: Ամեն խաղին դուրս ենք գալու հաղթանակի համար:

— Այսինքն արագորեն Բարձրագույն խումբ դուրս գալու խնդիր դրվա՞ծ չէ:

— Մենք փորձում ենք բոլոր նպատակներն իրականացնել քայլ առ քայլ, առանց շտապելու: Սակայն մենք չենք ստեղծում թիմ, որը պետք է բավարարվի Առաջին խմբում փոփոխական հաջողություններ գրանցելով: Հենց նոր մրցաշրջանից սկսած պետք է լինենք առաջատար դիրքրում:

— Առանց շտապելու առաջ շարժվելը երկար ժամանակ պահանջող ծրագրեր են: Երկա՞ր եք մտաքիր մնալ «Նորավանքում»:

— Այո, ինձ հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Բավականին անելիքներ կան, և ես պատրաստ եմ ներդնել իմ բոլոր հնարավորությունները ու ջանքերը, որպեսզի արդարացնեմ ակումբի սպասելիքները:

— Նշեցիք, որ ՎԻՍՏԱ ակումբում էիք: Նախկինում ասել էիք, որ այն առաջադեմ մոտեցումներով ակումբ է: Ի՞նչ տվեց Ձեզ այնտեղ աշխատելը:

— ՎԻՍՏԱ-ն իրենից ներկայացնում է ինկուբատոր ծրագիր: Աշխարհի տարբեր ծայրերից հավաքված են տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր որոշ ժամանակ մարզվելով ՎԻՍՏԱ-ում, պայմանագրեր են ստորագրում եվրոպական ակումբների հետ: Ես համարում եմ, որ ցանկացած ակումբում աշխատելը մեծ փորձ է, հատկապես արասահմանում: ՎԻՍՏԱ-ում ամեն բան բարձր մակարդակի վրա է: Նշեմ, որ ծրագրի ղեկավարը հայազգի Տիգրան Մկրտչյանն է, իսկ գլխավոր մարզիչը՝ Արթուր Հովհհաննիսյանը: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՎԻՍՏԱ-ի ղեկավարությանը, անձնակազմին և ֆուտբոլիստներին ինչպես միասին համագործակցելու, այնպես էլ իմ տեղափոխման որոշմանն ըմբռնումով մոտենալու համար:

— Կա՞ տարբերակ, որ մոտ ապագայում Հայաստանից ֆուտբոլիստներ մեկնեն ՎԻՍՏԱ:

— Այդ ակումբի ստեղծման օրից էլ հայ ֆուտբոլիստներ եղել են և այժմ էլ կան: Թիմի ավագը Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանն է: Մինչև վերջերս ՎԻՍՏԱ-ում էին մեր Մ19 հավաքականի այլ խաղացողներ` Նորայր Նիկողոսյանը և Լևոն Տեր-Մինասյանը: Նրանք մարզվում և խաղում իրենց հասակակից` Բրազիլիայի, Չիլիի, Նիգերիայի, Գանայի, Գվինեայի և այլ երկրների հավաքականների ֆուտբոլիստների հետ միասին: Այժմ այդ հայ ֆուտբոլիստները գտնվում են Հայաստանում և սպասում են բանակային ծառայությունից տարեկետում ստանալուն: Նշեմ, որ Ռուսատսանում անցկացրած ժամանակահատվածում նրանք նկատելի աճ գրանցեցին: Հետագայում նույնպես հայ ֆուտբոլիստներ կարող են մեկնել ՎԻՍՏԱ:

— «Նորավանքում» Ձեր օգնականն է լինելու Գեորգի Ղազարյանը, ում լավ ծանոթ եք: Բարձրագույն խմբում «Երևան» ՖԱ-ն միայն նրա օրոք էր քիչ թե շատ դրական տպավորություն թողնում: Ձեր թիմում նա ի՞նչի համար է պատասխանատու լինելու և ընդհանրապես ինչպիսի՞ մոտեցումներ ունի:

— Գեորգիի հետ աշխատել ենք «Լոկոմոտիվում», ապա «Լոռիում»: Բնականաբար, գոհ եմ եղել նրա կատարած աշխատանքից, այդ պատճառով առաջարկեցի միանալ մեր մարզչական շտաբին: Վստահ եմ` նա մեծ օգուտ կտա թիմին: Ղազարյանն ավելի շատ պատասխանատու է լինելու թիմի ֆիզպատրաստության համար: Մոտեցումներն արդիական են, և որ ամենակարևորն է` նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է աշխատում: Իմ շտաբի լուրջ համալրում եմ համարում նաև դարպասապահների մարզիչ Վաղինակ Շահնազարյանին: Նա փորձառու մարզիչ է և նույնպես մեծ օգուտ կտա ակումբին:

— Այս ընթացքում, որ Ռուսաստանում էիք, ուշադի՞ր էիք հետևում Հայաստանի առաջնությանը, թե՞ ժամանակ չէր մնում:

— Իհարկե, հետևել եմ:

 — Կարո՞ղ եք նշել մեր ֆուտբոլի 3 ուշագրավ երևույնթեր, որոնք չեն նկատվում կամ դրանց մասին քիչ է խոսվում:

— Մեր ֆուտբոլն ինքնին շատ յուրահատուկ է: Թերևս, թիմերը տակտիկապես ավելի գրագետ են դարձել, որը բերում է նրան, որ համեմատաբար հաջող ենք հանդես գալիս եվրոպական ասպարեզում: Կնշեմ նաև, որ ստորին հորիզոնականում գտնվող թիմերը կարողանում են հաղթել առաջատարներին: Կառանձնացնեմ նաև, որ արագություններն են ավելացել, հետևաբար հակագրոհներն ավելի արդյունավետ են դարձել: Ինչպես նաև ստանդարտ իրավիճակներն են լավ իրացվում:

— Հայաստանում քչացել են գնդակին շատ տիրել սիրող թիմերը: Շատերը նախընտրում են հակագրոհներով խաղալ, որի պատճառը նշեցիք: «Նորավանքն» ինչպիսի՞ ֆուտբոլ է խաղալու:

— Որպես մարզիչ գտնում եմ, որ թիմը պետք է կարողանա կազմակերպել դիրքային գրոհներ և արագ հակագրոհներ: Փորձելու ենք համատեղել այս երկուսը` կախված  տվյալ խաղին ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից, հակառակորդից, խաղի ընթացքից և մնացած գործոններից: «Նորավանքը» խաղալու է տակտիկապես գրագետ, ագրեսիվ ու հավասարակշռված ֆուտբոլ, որտեղ կլինեն դիրքային գրոհներ, արագ հակագրոհներ, ինչպես նաև խորը և ինտենսիվ պրեսինգ:

Հայկ Հովհաննիսյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball