Կարևոր տեղեկություն հայկական ակումբների համար. ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտությունների բազմաթիվ պատճառներ է նշել

ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով նոր կանոնակարգ է սահմանել 2020-2021թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մասնակցիների համար:

Յուրաքանչյուր վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ն հրապարակելու է երկրների միջև տեղաշարժերի սահմանափակումների ցանկը: Ակումբները պարտավորվելու են վիճակահանությունից 2 օր առաջ ՈւԵՖա-ին տեղյակ պահել իրենց երկրներում առկա փոփոխությունների ու սահմանափակումների մասին: Եթե այդ տեղեկությունը չլինի, ՈւԵՖԱ-ն առաջնորդվելու է իր ինֆորմացիայով: Եթե որևէ թիմ չկարողանա խաղադաշտ դուրս գալ, նրան տեխնիկական պարտություն (0-3) կգրանցվի:

Մեկ այլ նորամուծությունում նշված է, որ եթե տնային խաղը կազմակերպող թիմը չի կարողանում այլընտրանքային` չեզոք դաշտի տարբերակ առաջարկել, նրան պարտություն կգրանցվի:

Եթե ՈւԵՖԱ-ն որոշի, որ ակումբների կողմից տեղական իշխանությունների սահմանած սահմանափակումների մասին տեղեկությունը սխալ կամ թերի են, հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումն ՈւԵՖԱ-ն է կայացնելու: Եթե որևէ թիմ հրաժարվի հետևել այդ պայմանին, նրան տեխնիկական պարտություն կգրանցվի

Եթե երկու ակումբերն էլ հրաժարվում են խաղալ կամ երկուսն էլ մեղավոր են ճանաչվում մրցավեճի խափանման վերաբերյալ, այդ ակումբները տվյալ մրցաշրջանում հեռացվում են եվրոգավաթներից:

Բոլոր ակումբները վիրուսի վերաբերյալ թեստավորվելու են: Եթե թիմում վարկվածներ կան, բայց առողջների թիվը կազմում է 13 ֆուտբոլիստ (1-ը դարպասապահ), իսկ տեղի իշխանությունները թույլատրում են խաղալ, ապա թիմը պետք է մասնակցի հանդիպմանը:

Եթե տվյալ ակումբը չի կարողանում կազմակերպել տնային խաղը, ՈւԵՖԱ-ն կարող է հետաձգել խաղը տվյալ փուլի սահմանված ժամկետների շրջանակում: Բայց եթե ՈւԵՖԱ-ին չհաջողվի տվյալ ժամկետում կազմակերպել հանդիպումը, «վարակված» թիմին պարտություն է գրանցվելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով