Գվարդիոլա – Զիդան սուպերդիմակայությունն ու Կրիշտիանու Ռոնալդուի փայլելու նոր առիթը. ՉԼ-ի այսօրվա խաղերը

Չեմպիոնների լիգայի պատմության ժամանակային ամենաերկար տարբերությամբ պատասխան խաղերը կմեկնարկեն այսօր: 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» ընդունելու է Մադրիդի «Ռեալին», իսկ «Յուվենտուսը»` «Լիոնին»:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»
Մանչեսթեր, «Էթիհադ սթեդիում»
Մեկնարկը` 23:00 (Երևանի ժամանակ)
Առաջին խաղը` 2:1

Առաջին հանդիպումը կայացել է գրեթե կես տարի առաջ` փետրվարի 27-ին: Պեպ Գվարդիոլայի թիմը Մադրիդում կամային հաղթանակ է տոնել և պատասխան խաղից առաջ հսկայական առավելություն ստացել: Նույնիսկ 0:1 հաշվով պարտվելու դեպքում «քաղաքայինները» հաջորդ փուլ կանցնեն:

Երկու թիմերն էլ խաղին մոտենում են հիանալի մարզավիճակում: «Մանչեսթեր Սիթին» կարանտինից հետո 12 խաղ է անցկացրել, որոնցից 9-ում հաղթել է: Ընդ որում պարտված խաղերից որպես այդպիսին կարելի է նշել միայն «Արսենալի» դեմ գավաթային կիսաեզրափակիչը, մյուսներում Գվարդիոլան կարծես չուզենար ամեն գնով հաղթել: Նա մեծ ռոտացիա էր կիրառում` հաճախ հանգստի հնարավորություն տալով իր թիմի առաջատար Կևին դե Բրյունեին: Բայց նույնիսկ դա նրա թիմին չխանգարեց 12 խաղում 36 գոլ խփել:

Ի տարբերություն անգլիացիների, «Ռեալը» կարանտինից հետո «Բարսելոնայի» հետ կատաղի պայքար էր մղում չեմպիոն դառնալու համար, և չէր կարող իրեն ռոտացիա կամ անկաշկանդ հարձակվողական խաղ թույլ տալ: «Սերուցքայինները» պրագմատիկ խաղով 10 անընդմեջ հաղթանակ տոնեցին, նվաճեցին չեմպիոնի կոչումը, հետո նոր ոչինչ չորոշող խաղում ոչ-ոքի խաղացին «Լեգանեսի» հետ:

Երկու թիմերի կազմերում կան մեկական լուրջ կորուստներ: «Սիթիի» երկար տարիների ռմբարկու Սերխիո Ագուերոն վնասվածքից դեռ չի ապաքինվել, իսկ իսպանացիների ավագ Սերխիո Ռամոսը որակազրկված է: Անգլիական թիմից որակազրկված է մեկնարկային կազմի մեկ այլ ֆուտբոլիստ` ձախ պաշտպան Բենժամեն Մենդին: «Ռեալի» մյուս կորուստները նշանակալի չեն, քանի որ Գարեթ Բեյլը վաղուց այլևս մեկնարկային կազմի խաղացող չէ, իսկ Մարիանո Դիասը երբեք էլ չի եղել: Զիդանի խոսքերով Բեյլն ինքը չի ցանկացել խաղալ:

Հավելենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու գերմանացի Ֆելիքս Բրիխը:

«Յուվենտուս» – «Լիոն»
Թուրին, «Ալյանց սթեդիում»
Մեկնարկը` 23:00 (Երևանի ժամանակով)
Առաջին խաղում` 0:1

1/8 եզրափակչի առաջին խաղերի գլխավոր սենսացիան դարձել էր «Լիոնի» հաղթանակն Իտալիայի անփոփոխ չեմպոնի նկատմամբ: Այդուհանդերձ դա փոքր առավելություն է, քանի որ նախորդ մրցաշրջանում նույնիսկ «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթանակից Թուրինում չփրկվեց տանտերերի կատաղի գրոհներից և Կրիշտիանու Ռոնալդուից:

Պատասխան խաղին թիմերը մոտեցել են բացարձակապես տարբեր խաղային մարզավիճակներում: Կարանտինից հետո «ծեր սինյորան» 14 պաշտոնական խաղ է անցկացրել, իսկ «Օլիմպիկը»` 1: Մաուրիցիո Սարրիի թիմը նվաճեց Ա սերիաի չեմպիոնի կոչումը, սակայն գրեթե ոչ ոք տպավորված չէ նրանց ցուցադրած խաղով: Արդյունքները նույնպես համոզիչ չեն` վերջին 8 խաղում ընդամենը 2 հաղթանակ:

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայի առաջնության վաղաժամ ավարտի պատճառով «Լիոնն» այդ միակ պաշտոնական խաղն անցկացրել է Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ: Ռուդի Գարսիայի թիմը հզոր մրցակցի դեմ լավ տպավորություն թողեց` պարտվելով միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:  Մնացած հանդիպումներն ընկերական են եղել:

Իսկ ահա վնասվածքների դեպքում կորոնավիրուսային դադարն օգնեց «Լիոնին»: Թիմի առաջատար Մեմֆիս Դեպայը պետք է բաց թողներ բոլոր կարևոր խաղերը, սակայն այդ ընթացքում նա ապաքինվեց և կկարողանա մասնակցել այսօրվա հանդիպմանը: Ֆրանսիացիների կազմում վնասվածք ունեն Յուսուֆ Կոնեն ու Կենի Տետեն:

«Յուվենտուսից» վնասվածքի պատճառով չեն խաղա Դուգլաս Կոստան, Մատտիա Դե Շիլյոն և Սամի Խեդիրան: Նշվածներից թիմին օգուտ կարող էր տալ հատկապես բրազիլացին, ով իր փայլուն խաբքերով կարողանում է «չեղած տեղից» գոլային պահեր ստեղծել:

Հանդիպման գլխավոր մրցավարը նույնպես գերմանացի է` Ֆելիքս Ցվայերը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով