Գևորգ Ղազարյան. «Կիպրոսում կարծում են` բախտները բերել է, որ «Արարատ-Արմենիայի» հետ են մրցելու»»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» Երևանում մրցելու է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ: Հայաստանի չեմպիոնի առաջիկա մրցակցին ծանոթանալու համար Sportx.am-ը զրուցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ, ով հանդես է գալիս Կիպրոսի ԱԵԼ-ի կազմում:
— Ինչպիսի՞ թիմ է «Օմոնիան», ի՞նչ տեսակի ֆուտբոլ է խաղում:
— Շատ լավ կազմակերպված, տեխնիկապես գրագետ ու ագրեսիվ են խաղում: Փորձում են միշտ գնդակն իրենց մոտ պահել ու վերահսկել խաղը: «Արարատ-Արմենիային» դժվար խաղ է սպասվում:
— Ովքե՞ր են ամենավտանգավոր ֆուտբոլիստները և որո՞նք ենք նրանց ուժեղ կողմերը:
— Ամենաուժեղ կողմերից կառանձնացնեմ հակագրոհները: Դրանք միշտ շատ վտանգավոր են: Ֆուտբոլիստներից հատկապես հիշատակման են արժանի հարձակման գծի ֆուտբոլիստները: Շատ բարձր որակի են:
— Ի՞նչ թույլ կողմեր ունի «Օմոնիան»: Ինչի՞ վրա արժի շեշտը դնել «Արարատ-Արմենիային»:
— Այդ մասին թող իսպանացի մարզիչները մտածեն (ժպտում է): Դժվար է ասել թույլ կողմերի մասին, քանի որ կազմում մի քանի փոփոխություններ են կատարվել: Լրիվ նույն թիմը չէ, որը նախորդ մրցաշրջանում էր: Նոր մրցաշրջանը չի մեկնարկել, նրանց նախապատրաստական խաղերն էլ չեմ տեսել:
— Կիպրոսում ինչպե՞ս են արձագանքել վիճակահանությանը:
— Կարծում են, որ բախտները բերել է: Գոհ են վիճակահանությունից:
— Հայաստանում «Արարատ-Արմենիան» իր ռեսուրսներով ու կազմով բացահայտ ուժեղ է համարվում մյուսներից: «Օմոնիան» նման կարգավիճակ ունի՞ Կիպրոսում:
— «Օմոնիան» չեմպիոնության պայքարի մեջ էր «Անորտոսիսի» հետ, և ընդամենը մեկ միավորով էր առաջ: Կորանավիրուսի պատճառով առաջնությունը վաղաժամ ավարտվեց և «Օմոնիան» ճանաչվեց չեմպիոն: Բայց դեռ 9 խաղ կար: Կոնկրետ խաղով բոլոր թիմերից ուժեղ էր: Տարբերվող, գեղեցիկ ֆուտբոլ էր դավանում: Բայց դա մարտ ամսին էր:
— Վերջում ինչպես կգնահատեք հայկական մյուս թիմերի շանսերը եվրոգավաթներում:
— Դժվար է ասել, որովհետև մրցաշրջանը դեռ չի սկսվել, թիմերը լիարժեք պատրաստ չեն: Կան նոր ֆուտբոլիստներ: Մեր բոլոր թիմերին էլ բարդ մրցակիցներ են բաժին հասել: Բոլորին մաղթում եմ հաջողություն:
Հայկ Հովհաննիսյան