Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա 2 խաղերը կանցնեն առանց հանդիսականների

Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ:
ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափացանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար:
Առաջարկվեց, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին Բուդապաշտում կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (սեպտեմբերի 5) և ընդունելու է Էստոնիայի հավաքականին (սեպտեմբերի 8):