Սարգիս Շահինյան. ««Արարատ-Արմենիայի» բախտը չի բերում»

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը փոխարինման մտավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի կիպրոսյան «Օմոնիայի» դեմ մրցավեճում (0:1): Sportx.am-ի հետ զրույցում Սարգիսը կիսվեց իր տպավորություններով և ամփոփեց հանդիպումը:

— Առաջին տպավորությունները խաղից:

— Բնականաբար, ափսոսում ենք, որ պարտվեցինք: Հավասար խաղ էր ընթանում, մենք նաև դրվագներով առավելություն էինք ստացել: Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին, բայց մենք նույնպես արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Նոր մրցաշրջանում բախտը մեր կողմը չէ, բայց կարծում եմ` խաղից խաղ կավելացնենք: Նոր մարզիչ է եկել, նոր մոտեցումներ են: Հետզհետե ավելի լավ կխաղանք:

— Կամպանյայի ղեկավարությամբ անցկացրած երեք խաղերում էլ «Արարատ-Արմենիան» կարմիր քարտ է ստացել: Պատճառն ինչո՞ւմ է: Պահանջում է կո՞շտ խաղալ:

— Հենց դա նկատի ունեի, երբ ասում էի մեր բախտը չի բերում: 3 կարմիր քարտեր ենք ստացել, իսկ «Նոայի» դեմ սուպերգավաթային խաղում մեր դարպասին սխալ 11-մետրանոց նշանակեցին: Ամեն խաղին բախտի գործոնը մեր կողմը չի լինում: Բայց ես վստահ եմ` ամեն ինչ փոխվելու է, որովհետև մենք սկսում ենք ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել:

— Մարզիչն անսովոր դասավորություն էր ընտրել: Որոշ ֆուտբոլիստներ իրենց համար անսովոր դիրքերում էին խաղում: Որքա՞ն ժամանակ էիք փորձարկել նման մարտավարությունը:

— Դրանք մարզչի մտահաղացումներն են խաղի հետ կապված: Լավ կլինի, որ նա այդ հարցին պատասխանի:

— Համաձա՞յն եք, որ «Օմոնիան» այն մրցակիցը չէր, որին չէր կարելի հաղթել:

— Նրանք մեր թիմից լավ տեսք չունեին: Միգուցե, հետագայում ավելի լավ ֆուտբոլ խաղան,  բայց կոնկրետ այս մրցավեճում մեզ չէին գերազանցում: Այո, որոշ դրվագներով լավ տեսք ունեին, բայց ոչ ամբողջ խաղում: Ունեն որակյալ ֆուտբոլիստներ, սակայն մենք նույնիսկ 10 ֆուտբոլիստով ճնշում էինք գործադրում և գոլային պահեր ունեինք: Իսկ նրանք թվային առավելությամբ ընդամենը մեկ պահ են ունեցել:

— Ձեր թիմը հայտնվեց Եվրոպա լիգայում: Ի՞նչ խնդիր է դրված այդ մրցաշարում:

— «Արարատ-Արմենիայի» առջև Հայաստանում ու Եվրոպայում միշտ ամենաբարձր խնդիրներն են դրվում: Տեսնենք, թե վիճակահանությունն ինչպես կդասավորվի: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք բոլոր մրցակիցներին և հասնենք փլեյ-օֆֆ փուլ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով