«Սևիլյան» հաղթեց «Ինտերին» և դարձավ Եվրոպա լիգայի չեմպիոն

Գերմանիայի Քյլոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Սևիլյան» 3:2 հաշվով հաղթել է «Ինտերին»:
Արդեն 4-րդ րոպեին Դիեգո Կառլոսը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները Ռոմելու Լուկակուի նկատմամբ և բելգիացին 11-մետրանոց հարվածով առաջ է մղել միլանցիներին: Ընդամենը 7 րոպե անց Խեսուս Նավասի փոխանցումից հետո Լյուկ դե Յոնգը հավասարեցրել է հաշիվը:
Որոշ ժամանակ անց թիմերը կրկին արագորեն փոխանակվել են գոլերով: 33-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով անդալուզցիներին առաջ է մղել նույն Դե Յոնգը, բայց 3 րոպե անց Դիեգո Գոդինը նույնպես գլխի անվրեպ հարված է կատարել:
Որոշիչ է դարձել 74-րդ րոպեն, երբ Դիեգո Կառլոսի շրջադարձ հարվածից հետո Լուկակուն պարզել է ոտքը և գնդակը նրանից անդրադառնալով հայտնվել է դարպասում:
Այսպիսով, «Սևիլյան» թարմացրեց իր ռեկորդը և 6-րդ անգամ դարձավ Եվրոպա լիգայի չեմպիոն: