Արշակ Կորյանն առաջին անգամ գոլային փոխանցում կատարեց ՌՊԼ-ում և փրկեց իր թիմին (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում մրցել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու նորեկները` «Խիմկին» ու «Ռոտորը»: Արձանագրվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:
56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը լավ հնարքով ձերբազատվել է պաշտպանի հսկողությունից և փոխանցում կատարել Ալեքսանդր Լոմավիցկուն, ով հավասարեցրել է հաշիվը: 25-ամյա հայ վինգերն իր կարիերայում առաջին գոլային գործողությունն է կատարել ՌՊԼ-ում: Դա նրա 9-րդ խաղն էր այդ մրցաշարում, որից 6-ն անցկացրել է «Խիմկիի» կազմում, իսկ ևս 3-ը` «Լոկոմոտիվի»: Կորյանը փոխարինվել է 85-րդ րոպեին:
«Ռոտորի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը: Պաշտպանը փոխարինվել է ընդմիջման ժամանակ:
Այդ երկու թիմերը շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը: Վոլգոգրադցիները վաստակել են 2 միավոր, իսկ մերձմոսկովյան թիմը` 3: