Անգլիայի ու Ֆրանսիայի ծանրագույն հաղթանակները, Պորտուգալիան շանս չտվեց Խորվաթիային (տեսանյութ)

Ազգերի լիգայի խաղարկությունում այսօր կայացավ առաջին տուրի 9 հանդիպում:
A լիգայի 2-րդ խմբում Անգլիան 1:0 հաշվով արտագնա հաղթնակ է տոնել Իսլանդիայի նկատմամբ: 70-րդ րոպեին բրիտանացիները 10 ֆուտբոլիստով են մնացել, երբ երկրորդ դեղին քարտն է ստացել Կայլ Ուոքերը: 90+1 րոպեին արդեն տանտերերն են կարմիր քարտի արժանացել, որը 11-մետրանոցի պատճառ է դարձել: Ռահիմ Սթերլինգը նշակետից համարձակ հարվածով գոլ է խփել: Այդ հաղթանակը կարող էր չլինել, եթե 90+3 րոպեին Բիրկիր Բյարնասոնի իրացրած 11-մետրանոց հարվածը բարձր չընթանար:
Այդ խմբի մյուս խաղում Բելգիան 2:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել Դանիայի նկատմամբ: Աչքի են ընկել Ջեյսոն Դենաերը և Դրիս Մերտենսը:
3-րդ խմբում Ֆրանսիան 1:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել Շվեդիայի նկատմամբ: Միակ գոլը 41-րդ րոպեին անհատական վարպետության ու խորոմանկության շնորհիվ խփել է Կիլիան Մբապեն: 90+5 րոպեին աշխարհի չեմպիոնները 11-մետրանոցի իրավունք են ստացել, բայց Անտուան Գրիզմանը շատ բարձր է հարվածել:
Խմբի մյուս ֆավորիտ Պորտուգալիան սեփական հարկի տակ գերվստահ առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ` 4:1: Տանտերերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ժոաու Կանսելուն, Դիոգու Ժոտան, Ժոաու Ֆելիշը և Անդրե Սիլվան: Հյուրերից հեղինակության գոլ է խփել Բրունո Պետկովիչը:
Ինչպես տեղեկացրել ենք, C լիգայում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով արտագնա պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց: Խմբի մյուս խաղում Վրաստանը Տալինում 1:0 հաշվով հաղթել է Էստոնիային:
1-ին խմբում Լյուքսեմբուրգը կամային ու արտագնա հաղթանակի է հասել Ադրբեջանի նկատմամբ, իսկ Չեռնոգորիան հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության է մատնել Կիպրոսին:
D լիգայում Ջիբրալթարը 1:0 հաշվով տնային հաղթանակի է հասել Սան-Մարինոյի նկատմամբ: