Ո՞վ է «Արարատ-Արմենիայի» նորեկը. Եղել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» դիտակետում, երազում է հավաքականի մասին

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարեց հարձակվող Ջեիսոն Մարտինեսի տեղափոխության մասին, ով Եվրոպա լիգայի կարևորագույն խաղերից առաջ պետք է դառնա կարևոր համալրումը: Sportx.am-ը ծանոթացնում է պերուացի ֆուտբոլիստին:
Վաղ տեղափոխություն Իսպանիա
Մարտինեսը ծնվել է Պերուի մայրաքաղաք Լիմայում, սակայն երբ 11 տարեկան էր մայրը նրան ու քրոջը տարել է Իսպանիա: Այժմ նա Իսպանիայի քաղաքացի է: Այդ երկրում նա սկսել է ուշադրություն գրավել «Ռեալ Մախադահոնդա» ակումբի կազմում, որին միացել է 17 տարեկանում: Հետագայում նա ևս երկու թիմ է փոխել, ապա կրկին վերադարձել «Ռեալ Մախադահոնդա»:
Հեղինակավոր գործակալ, «Բարսելոնա», «Ռեալ»
Այս անգամ լավ ելույթները չեն վրիպել իսպանացի գործակալների ուշադրությունից: Ջեյսոնի հետ սկսել է համագործակցել իսպանացի ամենահեղինակավոր գործակալներից մեկը` Խուան Մանուել Մարտինեսը, ով ներկայացնում է Ալվարո Մորատայի ու Դանի Օլմոյի շահերը: Վերջինս անմիջական կապի մեջ է «Բարսելոնայի» ու «Ռեալի» պես հզոր ակումբների հետ: Նրա շնորհիվ կատալոնացիներն ու մադրիդցիները սկսել են հետաքրքրվել պերուացի ֆուտբոլիստով: 2018 թվականին Depor.com-ի հետ զրույցում Մարտինեսը հաստատել է` «Ռեալ Մադրիդը» նրան դիտարկում էր իր երկրորդ թիմի` «Կաստիլյայի» կազմում ընդգրկելու տարբերակը:
«Սերուցքայինների» հետաքրքրությունը կարելի է հասկանալ: Հենց «Կաստիլյային» է Մարտինեսը խփել իր ամենահիշարժան գոլերից մեկը, երբ այդ թիմի դարպասը պաշտպանում էր Զինեդին Զիդանի որդին` Լյուկա Զիդանը: Հետո նրա թիմակիցն է դարձել Զիդանի մյուս որդին` Էնցոն:
Լա լիգայում հայտնվելու շանս
Վերջին 1,5 տարում Մարտինեսի կարիերան սկսեց կրկնակի արագությամբ զարգանալ: Մարզչի վստահությունից զրկվելուց հետո նա 2019 թվականի ձմռանը տեղափոխվեց «Մուրսիա», իսկ ամիսներ անց` «Ֆուենլաբրադա»: Այդ ակումբը նախորդ մրցաշրջանում իսպանական ֆուտբոլի ամենաքննարկվողներից մեկը դարձավ: Սկզբում Սեգունդայում հաջողությունների և Լա Լիգայում հայտնվելու իրական շանսի, իսկ հետո նաև վատ առիթի պատճառով: Վերջին տուրի «Դեպորտիվոյի» դեմ խաղից առաջ «Ֆուենլաբրադայի» 12 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց: Նրանց խաղը անորոշ ժամկետով հետաձգվեց: Թիմը կարանտինի գնաց, ամբողջ մրցաշարը նրանց պատճառով կանգ առավ, իսկ երբ մեկուսացումն ավարտվեց, նրանք պարտվեցին մոտիվացիան կորցրած «Դեպորին» (1:2): Հաղթանակը Սեգունդայի փլեյ-օֆֆի ուղեգիր կտար: Մարտինեսը մասնակցեց ամբողջ խաղին, նրա թիմը հաշվի մեջ առջևում էր, սակայն վերջին րոպեներին 2 գոլ բաց թողեց: Նարնց փոխարեն 6-րդ տեղով փլեյ-օֆֆ մտավ «Էլչեն», որը հետագայում նվաճեց Պրիմերայի ուղեգիր:
Գլխավոր երազանքը
25-ամյա պերուացին խոստովանում է, որ նախորդ մրցաշրջանը լավագույնն էր նրա կարիերայում: Նա 4 գոլ խփեց և 1 գոլային փոխանցում կատարեց, չնայած ոչ միշտ էր մեկնարկային կազմում լինում կամ իր հարազատ` կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում:
Նույնիսկ նման մրցաշրջանը Մարտինեսին չդարձրեց Պերուի հավաքականի ֆուտբոլիստ: Իր երկրի ազգային ընտրանու կազմում Աշխարհի առաջնությանը մասնակցելը Ջեյսոնն անվանել է իր գլխավոր երազանքը: Նա իր հարցազրույցներում հաճախ է նշում է, որ ամեն ինչ անում է գլխավոր մարզիչ Ռիկարդո Գարեկայի ուշադրությանն արժանանալու համար: Սակայն նույնիսկ հրավերի բացակայությունը նրան չի խանգրում աջակցել թիմին.
«Պերուի հավաքականի որևէ խաղ բաց չեմ թողնում, նույնիսկ եթե հանդիպումն Իսպանիայում լուսաբացի ժամին է նշանակված լինում»:
Իսպանիայից` Հայաստան
Դեռ մեկ ամիս առաջ Մարտինեսի ծրագրերը կապված էին Իսպանիայում ելույթների հետ, սակայն նա չէր բացառում եվրոպական այլ երկրում խաղալու տարբերակը.
«Կցանկանայի կարիերաս շարունակել այստեղ` Իսպանիայում, բայց երբեք չգիտես ճակատագիրն ինչ է պատրաստել: Պերուի առաջնություն վերադառնա՞լը: Ոչ, նախընտրում եմ մնալ Եվրոպայում»:
Եվրոպական այդ երկիրը դարձավ Հայաստանը, իսկ ակումբը` «Արարատ-Արմենիան», որն Անտոն Կոբյալկոյի հեռանալուց հետո մնացել էր ընդամենը 2 կենտրոնական հարձակվողով (Օտուբանջո, Օգանա): Պերուական մամուլում գրում են, որ տեղափոխության նախաձեռնողը եղել է երևանայն թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան: Նա է ակումբին խնդրել հրավիրել Ջեյսոնին:
Գործարքում հարձակվողի շահերը ներկայացրել են նրա նոր գործակալները Sports&Life ընկերությունը: Վերջինս մեծ հեղինակություն ունի Իսպանիայում: Այն ներկայացնում է մեծն Անդրես Ինյեստայի, ինչպես նաև Բրահիմ Դիասի, Խունիոր Ֆիրպոյի, մարզիչ դարձած Վիկտոր Վալդեսի և ուրիշների շահերը:
«Արարատ-Արմենիան» Մարտինեսի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Դա խոսում է այն մասին, որ ակումբը կարճաժամկետ ծրագրեր չունի իր նոր հարձակվողի հետ կապված, իսկ վերջինս նույնպես մտադիր է եվրագավաթներում խաղը և Հայաստանում տիտղոսներ նվաճելը կարիերայի զարգացման հաջորդ քայլը դարձնել: Միգուցե, հենց Հայաստանը նրան օգնի հասնել երազանքի իրականացմանը` հրավիրվել Պերուի հավաքական:
Հ.Գ. Մեզ նույնպես հետաքրքիր է` ինչ սպասել հարձակվողից, ով ազատ ժամանակ սիրում է Youtube-ով Ռոնալդինյոյի հնարքները դիտել: Իսկ մինչ այդ դիտենք Ջեյսոնի մասնակցությամբ գործողությունների տեսանյութը…
Հայկ Հովհաննիսյան