«Արարատ-Արմենիան» անակնկալ պարտություն կրեց «Լոռիից»

Հայաստանի առաջնության չորրորդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց գրեթե ամբողջությամբ նոր կազմավորված «Լոռիին»:
41-րդ րոպեին անկյունայինի խաղարկան ժամանակ վանաձորցիներին գլխի հարվածով առաջ մղեց պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: 63-րդ րոպեին աջ եզրից կատարած փոխանցումից հետո Նաոր Աբոուդին կրկնապատկեց հաշիվը:
Չեմպիոնը կարողացավ միայն կրճատել հաշիվը, այն էլ 90+5 րոպեին: 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց Յուսուֆ Օտուբանջոն:
Հյուրերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով: Փոխարինման մտած իսրայելցի Ալմոգ Օհայոն երկու դեղին քարտ ստացավ և 90+2 րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Ալբերտ Սլոմոնովի գլխավորած թիմն առաջին 3 միավորը վաստակեց: Դա նրա թիմի փաստացի առաջին խաղն էր: Ավելի վաղ «Լոռիին» տեխնիկական պարտություն էր գրանցվել «Ուրարտուի» դեմ հանդիպմանը չներկայանալու համար, ինչի պատճառը կորոնավիրուսն էր:
Դավիդ Կամպանիայի անհաջողություններն «Արարատ-Արմենիայում» շարունակվում են: Նրա թիմը 3 խաղում 2 միավոր է վաստակել և զբաղեցնում է 7-րդ տեղը: