Վրաստանի չեմպիոնի ստորացուցիչ պարտությունը և մեր հարևանների մյուս ելույթները եվրոգավաթներում

Երեկ կայացան Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները: Ամենասենսացիոն արդյունքներից մեկը գրանցվեց Ֆարերյան կղզիներում, որտեղ «Կլակսվիկը» 6:1 հաշվով ջախջախեց Թբիլիսիի «Դինամոյին»: Վրաստանի չեմպիոնը լավ մարզավիճակում է, գլխավորում է իր երկրի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն պարտվեց ակնհայտ հետնապահ համարվող մրցակցին:
Երեկ վրացական մյուս թիմը` Թբիլիսիի «Լոկոմոտիվը», որը 2-րդ փուլում սենսացիոն արդյունքի էր հասել և հաղթել Մոսկվայի «Դինամոյին», 0:2 հաշվով պարտվեց «Գրանդային»: Իսպանիայում կայացած խաղում անդալուսյան թիմի առավելությունն այնքան մեծ է եղել, որ նրանք 26 հարված են կատարել և 15 անկյունային խաղարկել: Իսկ մրցակիցն այդ ցուցանիշներով զրո է:
Եվրոգավաթներին մասնակցած վրացական մյուս թիմերից «Սաբուրթալոն», ում նախորդ մրցաշրջանում պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիան», այս անգամ պարտվել է արդեն առաջին փուլում: Վրացիները 1:5 հաշվով արտագնա ջախջախման են ենթարկվել կիպրոսյան «Ապոլլոնից»:
Վրաստանի փոխչեմպիոն Բաթումիի «Դինամոն» նույնպես պայքարը լքել է առաջին փուլից հետո, որում մրցել է Բեր-Շևայի «Հապոելի» հետ: Իսրայելում վրացիները պարտվել են 0:3 հաշվով:
Այսպիսով, վրացական բոլոր թիմերը լքել են պայքարը:
Ադրբեջանական 4 թիմերից պայքարը շարունակում է միայն «Ղարաբաղը»: Այդ ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում պարտվել է նորվեգական «Մոլդեին» և այժմ հանդես է գալիս Եվրոպա լիգայում: Փլեյ-օֆֆ փուլում նրանք Լեհաստանում մրցելու են «Լեգիայի» հետ:
Եվրոպա լիգային մասնակցած մյուս ադրբեջանական թիմերից «Սումգայիթն» առաջին փուլում պարտվել է Մակեդոնական «Շկենդիային» (0:2), «Կեշլյան» 11-մետրանոց հարվածաշարով զիջել է ալբանական «Լյաչիին», իսկ երկրորդ փուլ հասած «Նեֆթչին» շանս չի ունեցել թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում (1:3):
Հատկանշական է, որ եվրոգավաթներում ադրբեջանական թիմերի բոլոր խաղերը տնային են եղել: