«Բարեկամական դերբի». «Արարատը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»

Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակին»: Գյումրեցիների նախկին առաջատարներով համալրված երևանցիները հաղթեցին 3:0 հաշվով:
14-րդ րոպեին Դավիթ Խուրցիձեի փոխանցումից հետո դարպասը գրավել է գրոհը կազմակերպած Աղվան Պապիկյանը:
Երկրորդ կեսում թիմերը բազմաթիվ գոլային պահեր են ստեղծել, որոնցից միայն երկուսը հյուրերն են օգտագործել: 75-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը կրկնապատկել է գյումրեցիների նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, իսկ 89-րդ րոպեին անպաշտպան դարպասը գրավել է «Շիրակի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ` Ուրոշ Նենադովիչը:
«Արարատը» վաստակել է 6 միավոր և բարձրացել հինգերորդ տեղ, սակայն մյուսներից մեկ խաղ քիչ է անցկացրել: Կորցրած միավորներով Վարդան Բիչախչյանի թիմն առաջատարն է: «Շիրակը» 1 միավորով հետնապահն է: