Կապառոս. «Յուրաքանչյուր թիմ պետք է առաջատար ունենա, մեր առաջատարը Հենոն է»

Լեհաստանում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի` Հայաստան – Վրաստան խաղից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիս տվեց:
— Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք թիմին հոգեբանորեն պատրաստել խաղին և ինչպե՞ս նրանց վրա կազդի չեզոք դաշտում խաղալը:
— Իհարկե, բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մեր ֆուտբոլիստները քաջ գիտակցում են, որ պետք է համախմբված լինեն և հասկանում են հանդիպումների կարևորությունը: Նաև հասկանում են, որ պետք է ուրախություն պատճառեն բոլոր հայրենակիցներին: Ինչպես արդեն ասել եմ, սա այլ հանդիպում է, և մեր բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը տրամադրված ենք, որ մեր խաղով ու արդյունքով հայ ազգին ուրախություն պատճառենք:
— Հավաքականում այս պահին կա մեկ նոմինալ աջ պաշտպան, մինչդեռ հրավիրվել են 6 կենտրոնական կիսապաշտպաններ: Ի՞նչն է նման որոշման պատճառը:
— Սա լրագրողի կողմից անձնական կարծիք է, որի հետ համաձայն չեմ, որովհետև Արման Հովհաննիսյանը նույնպես կարող է աջ պաշտպան խաղալ: Իսկ ձախ եզրում Սերոբ Գրիգորյանն այն երիտասարդ ֆուտբոլիստն է, ով հետզհետե աճ կգրանցի: Մենք ունենք 4 կենտրոնական պաշտպան, գումարած Սոլոմոն Ուդոն: Նկատի ունենալով, որ մեզ երկու շատ կարևոր խաղեր են սպասվում, փորձել ենք յուրաքանչյուր դիրքում առնվազն երկու ֆուտբոլիստ ունենալ:
— Մարզումների տեսանյութից երևում էր, որ Գևորգ Ղազարյանը չէր մասնակցում ընդհանուր խմբում: Ի՞նչն էր պատճառը:
— Ղազարյանը տվյալ պահին վերականգնողական գործընթացի մեջ է, և հետզհետե առաջադիմում է: Կարծում եմ` Էստոնիայի դեմ մրցավեճին նա կկարողանա օգնել թիմին:
— Որքանո՞վ եք կարևորում այն հանգամանքը, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմին:
— Ցանկացած հավաքական և ակումբ պետք է առաջատար ունենա: Մեր առաջատարը Հենոն է: Նա շատ մեծ խարիզմա ունի մեր թիմում: Այդ պատճառով նա այն ֆուտբոլիստ է, ով միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է իր խաղընկերներին:
— Ի՞նչ կարծիք ունեք Վրաստանի հավաքականի մասին որպես ձեր առաջիկա մրցակցի:
— Լավ հավաքական է: Նրանք արդեն որոշ ժամանակ միասին են հանդես գալիս: Նույնիսկ կան ֆուտբոլիստներ, որ նույն ակումբում են խաղում: Այնպես որ կարծում եմ` նրանց թիմային խաղակցվածությունը բարձր է:
— Մեր խմբում բոլոր հավաքականները 2-ական հանդիպում են անցկացրել: Ինչպե՞ս եք գնահատում թիմերի շանսերը խմբում:
— Նույն մտքին եմ, որն արտահայտեցի մեկնարկից առաջ` խմբում հավասար պայքար է ծավալվելու: Ցանկացած հաջող գործողություն և ցանկացած սխալ, կարող է մրցաշարային աղյուսակում էական նշանակություն ունենալ: Այդ պատճառով հարկավոր է մեծ կենտրոնացվածությամբ խաղալ: