Հակոբ Հակոբյան. «Հոգեպես ոչ մեկս լավ վիճակում չենք, իսկ ֆիզիկապես անընդհատ փորձում ենք ակտիվ լինել»

Ինչպես գիտենք, երկրում տիրող պատերազմական դրությամբ պայմանավորված՝ բոլոր տեսակի առաջնությունները դադարեցվել են։ Այս շրջանում «Ուրարտուն» մեկ երկկողմանի և երկու ստուգողական հանդիպում անցկացրեց։ Թիմի մարզավիճակի ու տիրող իրավիճակի մասին երևանյան ակումբի կայքը զրուցել է կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բոլորս էլ հասկանում ենք, որ թե՛ մեր երկրի, թե՛ ազգի համար այժմ շատ կարևոր ժամանակներ են։ Հոգեպես ոչ մեկս լավ վիճակում չենք, իսկ ֆիզիկապես անընդհատ փորձում ենք ակտիվ լինել, մարզումներ ենք անցկացնում, որևէ խնդիր այս պահին չկա»։

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երկու ստուգողական հանդիպում անցկացրինք այս շրջանում՝ «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ։ Նման խաղերում արդյունքն այդքան էլ էական ու առաջնային չէ, սրանք օգնում են, որպեսզի նախ՝ մարզավիճակը չկորցնենք, և հետո լավ առիթ են հանդիսանում նոր բաներ փորձարկելու համար»։

ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կասեմ, որ շատ լավ կոլեկտիվ է, բոլորը շատ նվիրված են, միմյանց լավ հասկանում ենք խաղադաշտում։ Ունենք շատ լավ մանկապատանեկան դպրոց, և կարծում եմ՝ ովքեր այժմ մարզվում են առաջին թիմում, շատ հեռանկարային ֆուտբոլիստներ են, իսկ նրանցից շատերն արդեն համալրել են գլխավոր թիմի կազմը։ Իրենց տրված խաղաժամանակը տղաները պետք է օգտագործեն միմիայն իրենց խաղն ու որակները ցուցադրելու համար»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Մեծ հույս ունեմ, որ պատերազմը շուտ կավարտվի, ու խաղաղ պայմաններում կվերսկսենք մեր խաղերն արդեն առաջնությունում։ Նպատակները մաքսիմալ են, ամեն խաղի մոտենում ու մոտենալու ենք միայն հաղթանակի համար»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով