Հարձակվողական սուպերզույգը որոշեց լոնդոնյան դերբիի ելքը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ:
Լոնդոնյան դերբիի ելքը որոշել են ընթացիկ մրցաշրջանում ֆանտաստիկ արդյունավետություն ցուցադրող Հարի Քեյն – Հյոն Մին Սոն հարձակման զույգը: 13-րդ րոպեին անգլիացու փոխանցումից հետո հաշիվը բացել է կորեացին, իսկ ընդմիջումից առաջ` կորեացու փոխանցումից հետո այն կրկնապատկել է անգլիացին:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Սոնն արդեն խփել է 10 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում, իսկ Քեյնը` 8 գոլ և 10 գոլային փոխանցում:
Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վաստակել է 24 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կարող է հավասարվել միայն «Լիվերպուլը», որն այսօր մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 13 միավորով 15-րդ տեղում է: