Ջոնել Դեսիրե. «Իմ աշխատանքի ծավալն այստեղ ավելի մեծ է»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ քան «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն է խփել, չի հաջողվել ոչ մեկին (6 գոլ)։ Հայիթցի ֆուտբոլիստը երևանյան ակումբի հետ զրույցում ամփոփել է առաջնության առաջին հատվածը, պատմել վնասվածքից ու ապաքինումից, ինչպես նաև առաջիկա նպատակներից․

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Վնասվածք ստացա «Ալաշկերտի» հետ խաղում, ինչի պատճառով «Նոայի» հետ հանդիպումը բաց թողեցի։ Փառք Աստծո հիմա ամեն ինչ կարգին է։ Վերջին հետազոտությունն անցել եմ մի քանի օր առաջ։ Բժիշկն ասաց, որ վերականգնման գործընթացում ամեն ինչ լավ է։ Հիմա արձակուրդում եմ, պատրաստվում եմ Սուրբծննդյան միջոցառումներին։ Հունվարին, Երբ թիմը վերադառնա արձակուրդից, ես կմիանամ նրանց»։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Թող տարօրինակ չհնչի, բայց ես ուրախացա, երբ իմացա, որ «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի» հետ մեր հանդիպումները հետաձգվել են ու անցկացվելու են հաջորդ տարի։ Դա նշանակում է, որ ես լիարժեքորեն պատրաստ կլինեմ ու 100 տոկոսով կկարողանամ օգնել իմ թիմին, որպեսզի այդ խաղերում էլ հաղթանակներ տոնենք»։

VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության առաջին հատվածն իսկապես շատ բարդ էր։ Մենք շատ աշխատեցինք, լավ արդյունքներ գրանցեցինք, բայց նաև սխալներ թույլ տվեցինք, ինչի արդյունքում որոշ խաղերում հաղթանակներ չտոնեցինք։ Ճիշտ է, խանգարող հանգամանքներ էլ կային՝ համաճարակ, պատերազմ․․․ Դժվար էր ֆուտբոլի վրա կենտրոնանալը, բայց կարծում եմ, որ ամանորյա արձակուրդներից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, մենք լավ նախապատրաստական շրջան կանցկացնենք ու ավելի լավ հանդես կգանք»։

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իմ աշխատանքի ծավալն այստեղ ավելի մեծ է, բայց խաղընկերներս ինձ շատ են օգնում, նրանք իսկապես լավ մակարդակ ունեն։ Այո, այս պահին ես առաջնության լավագույն ռմբարկուն եմ, բայց եթե չլինեին թիմակիցներս դժվար թե այդքան գոլ խփեի։ Ինչ վերաբերում է ակումբին, ապա այստեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, մարդիկ հարգում են ինձ, փորձում օգնել ամեն հարցում։ Այս ակումբում ինձ լավ եմ զգում, դա է առաջին նախապայմանը, թե ինչու եմ գլխավորում առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Պետք է շարունակենք ավելի շատ աշխատել, որպեսզի երկրորդ հատվածում առաջադրված նպատակները կարողանանք կյանքի կոչել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով