«Արսենալի» ճգնաժամը շարունակվում է, «Մանչեսթեր Սիթիի» կարևոր հաղթանակը

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Էվերթոնն» ընդունել է ճգնաժամի մեջ գտնվող «Արսենալին»: Լիվերպուլցիներն առավելության են հասել 2:1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում: Ռոբ Հոլդինգի ինքնագոլից քիչ հետո «զինագործները» վաստակել են 11-մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրել է Նիկոլա Պեպեն: Այդուհանդերձ, հավասար հաշիվը կրկին կարճ է տևել: Ընդմիջումից առաջ Յերրի Մինան նորից առաջ է մղել տանտերերին:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը վաստակել է 26 միավոր և բարձրացել երկրորդ տեղ: «Արսենալն» ԱՊԼ-ում չի հաղթում արդեն 7 անընդմեջ խաղերում: Միկել Արտետայի թիմը 14 միավորով 15-րդ տեղում է:
Փոխարենը, հետզհետե մրցաշարային աղյուսակում բարձրանում է «Մանչեսթեր Սիթին», որն այսօր 1:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ: 16-րդ րոպեին Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո միակ գոլը խփել է Ռահիմ Սթերլինգը:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը 23 միավորով վեցերորդ տեղում է, իսկ «սրբերը» 24 միավորով նահանջեցին հինգերորդ հորիզոնական: