Հայաստանի ազգային հավաքականի 2020թ-ին գրանցած արդյունքները

Այս տարին անկասկած կարելի է դասել այն տարիների շարքին, երբ հայկական ֆուտբոլը քիչ թե շատ գտնվում էր բարձրունքի վրա։

Դեռ նախորդ տարվա վերջին հավաքականի 9-1 հաշվով խայտառակ պարտությունից հետո, թիմից հեռացավ Աբրահամ Խաշմանյանը։ Սկսվեցին քննարկումներ, թե ով կգլխավորի հավաքականը։ Շրջանառվում էին տարբեր անուններ, Այտոր Կարանկայից մինչև Սանտիագո Սոլարի, բայց մեկ բան ակնհայտ էր, թիմը գլխավորելու էր օտարերկրյա մասնագետ։

Այս տարվա մարտին ՀՖՖ-ն տարածեց հայտարարություն, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Խոակին Կապառոսը։ Ոմանց կարծես թե ոչինչ չասեց այս անունը, իսկ ոմանք էլ ծանոթ էին նրան դեռ այն ժամանակվանից, երբ նա գլխավորում էր Սևիլլիան։

2020 թվականի մարտին Հավաքականը անցկացնելու էր 2 ընկերական հանդիպում, մրցելով Ուզբեկստանի ու Ղազախստանի ընտրանիների հետ, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով 2 հանդիպումներն էլ չեղարկվեցին ու Կապառոսը չկարողացավ լիովին բացահայտել ֆուտբոլիստների պոտենցիալը։ Դրանից հետո նշանակված էր ևս մեկ ընկերական հանդիպում, այս անգամ հուլիսին մրցելու էինք Ալբանիայի ընտրանու հետ, սակայն այդ խաղը նույնպես չեղարկվեց։

1-ին անգամ Կապառոսի աշխատանքի արդյունքները տեսանք  սեպտեմբերին, երբ սկսվել էր Ազգերի լիգան։ Կապառոսը հավաքական հրավիրեց միանգամից մի քանի նորեկի։ Մարզիչի համար 1-ին ստուգատեսը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ խաղն էր։ Կապառոսի թիմը վատ տպավորություն չթողեց, գրոհում էինք անդադար ու ունեինք մի քանի ռեալ գոլային պահեր։ Այդ խաղում գրանցվել էր 14 անկյունային, որոնցից 13-ը վաստակել էր մեր ընտրանին։ Սակայն մեր պաշտպանների կոպիտ գործողությունների պատճառով հանդիպման մրցավարը նշանակեց երկու 11-մետրանոց հարված, մեր դարպասին։ Երկու հարվածն էլ անվրեպ իրացրեցին մակեդոնացիները ու հաղթանակի նժարը թեքեցին իրենց ուղղությամբ։ Խաղավարտից մի քանի վայրկյան առաջ նշանակվեց 11-մետրանոց այս անգամ մակեդոնացիների դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց Տիգրան Բարսեղյանը։։ Խաղն ավարտվեց 2-1։ Այդ խաղից ընդամենը 3 օր անց Կապառոսին սպասում էր երկրորդ փորձությունը, այս անգամ մեր մրցակիցը Էստոնիայի ընտրանին էր։ Այդ խաղում ևս մեր ընտրանին փայլուն խաղի շնորհիվ հաղթեց 2-0 հաշվով և վաստակեց առաջին երեք միավորը՝ Ազգերի լիգայի մրցաշարում, իսկ Կապառոսը տարավ իր առաջին հաղթանակը ազգային հավաքականի ղեկին։

Հոկտեմբեր ամսին հավաքականին սպասում էին սկզբունքային մրցակիցներ՝  Վրաստանն ու խմբի ետնապահ Էստոնիան։ Այդ օրերը մեր ազգի համար անչափ ծանր էին, քանի որ ինչպես գիտեինք երկիրը գտնվում էր պատերազմական իրավիճակի մեջ ու այն չէր կարող իր հետքը չթողնել նաև ֆուտբոլիստների հոգեբանության վրա։ ՈւԵՖԱ-ն էլ իր հերթին որոշել էր տեղափոխել հավաքականի տնային խաղի անցկացման վայրը անվտանգության նկատառումներից ելնելով։ Հանդիպումը անցկացվեց Լեհաստանի Տիխի քաղաքում։ Այդ խաղում 1-ինը հաջողության հասավ մեր ընտրանին, գոլի հեղինակ դարձավ Խորեն Բայրամյանը, ով խփեց իր առաջին գոլը ազգային ընտրանու կազմում։ Մինչև 1-ին խաղակեսի ավարտը կարողացանք պահել առավելությունը, սակայն ընդմիջումից վերադառնալուց հետո տղաների մոտ զգացվում էր հոգեբանական լարվածությունը և 2-րդ խաղակեսի հենց սկզբից, հանդիպման 46-րդ րոպեին վրացիներին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, ինչից հետո նրանք ևս մեկ անգամ կարողացան գրավել մեր դարպասն ու պահել 1-2 հաշիվը մինչև 88-րդ րոպեն։ 87-րդ րոպեին վրացիների պաշտպանը խաղաց ձեռքով ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց, որն էլ հստակորեն իրացրեց մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, խփելով ազգային հավաքականի կազմում իր 30-րդ գոլը։ Հաջորդ հանդիպումը էստոնացիների դեմ էր։ Այդ խաղում նույնպես առաջինը հասանք առավելության։ Գեղեցիկ գրոհի արդյունքում գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննսիյանը, ով նույնպես բացեց իր գոլերի թիվը ազգային հավաքականի կազմում։ Ինչպես վրացիների դեմ խաղում այս խաղում նույնպես չկարողացանք պահել մեր առավելություն և էստոնացիները ստանդարտի խաղարկումից հետո մինչ ընդմիջման գնալը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Այս 4 հանդիպումից հետո մեր ընտրանին վաստակել էր 5 միավոր և երրորդն էր։ Մենք ընդամենը մեկ միավոր էինք զիջում մակեդոնացիների ու վրացիներին։ Նրանց հետ էլ հենց հանդիպելու էին Ազգերի լիգայի 5-րդ և 6-րդ տուրի խաղերում։ Մենք ունեինք իրական շանսեր գրավելու 1-ին հորիզանականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում։ 1-ին տեղը գրավելու համար մեր ընտրանուն պետք էր միայն հաղթանակ՝ 2 խաղում էլ։ Եկել էր վճռորոշ պահը։

Այդ ժամանակ ուղղակի փայլուն մարզավիճակում գտնվող Հենրիխ Մխիթարյանին Ռոման չթողեց միանալ ազգային հավաքականին, քանի որ Ռոմայից կորոնավիրուսով էր վարակվել Էդին Ջեկոն, իսկ ՖԻՖԱ-ն թույլատրել էր ակումբներին չթողնել ֆուտբոլիստներին իրենց հավաքականներ։ 1-ինը խաղալու էինք մեր հարևանների՝ վրացիների դեմ։ Ինչպես ցույց տվեց Կապառոսը նրա դիմաց դրված խնդիրներին նա կարողանում է փայլուն լուծումներ տալ։ Հանդիպման 33-րդ րոպեին արագ հակագրոհից ու վրացիների պաշտպանության բացերից օգտվեց Գևորգ Ղազարյանը։ Այնուամենայնիվ վրացիներին հաջողվեց վաստակել 11-մետրանոց և իրացնել հստակորեն, սակայն Խոակին Կապառոսը և իր թիմը չտրվելով սադրանքներին ու հաղթահարելով հոգեբանական ճնշումը կարողացան կրկին հաշվի մեջ առաջ անցնել։ Այս անգամ հայ ազգին ցնծության րոպեներ պարգևեց Սարգիս Ադամյանը։ Հավաքականը հաղթելով վրացիներին մեծացրեց խմբում 1-ին հորիզոնականով դուրս գալու շանսը։ Մնում էր ընդամենը հաղթել մակեդոնացիների և հեքիաթը կվերածվեր իրականության։Վրացիների նկատմամբ հաղթանակից հետո մեր հավաքականը մեկնեց Կիպրոս, որտեղ էլ անցկացրելու էր տարվա վերջին հանդիպումը։ Խաղային օրվա առավոտյան ՀՖՖ-ն տեղեկացրեց, որ կորոնավիրուսով են վարակվել Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը, Գրիգոր Մելիքսեթյանը։ Վարակվել էին նաև ֆիզ․ պատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ու պատվիրակության ևս 3 անդամներ։ Հայտնվել էինք շատ ծանր իրավիճակում, սակայն այս անգամ ևս Կապառոսն ու իր թիմը ապացուցեցին, որ կարող են անել առավելագույնը և հաղթելով մակեդոնացիներին 1-0 հաշվով խմբում գրավեցին 1-ին հորիզոնականը։ Այդ խաղում մակեդոնացիների դարպասին հաղթական գոլն էր խփել Հովհաննես Համբարձումյանը։ Հատկանշական էր այն փաստը, որ ազգային հավաքականի բոլոր 9 գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ։ Պետք է արժանին մատուցել նաև մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին ով վստահ խաղ ցուցադրեց ու 6 խաղում բաց թողեց 6 գնդակ, որոնցից 3-ը 11-մետրանոց հարվածից։ C դիզիղիոնում 1-ին հորիզոնականը գրավելուց հետո բարձրացանք B դիվիզիոն։ Մեր տղաները բարձր տրամադրությամբ մեկնեցին իրենց ակումբներ։ 

Դեկտեմբերի 7-ին ազգային ընտրանին պետք է իմանար իր մրցակիցներին ԱԱ-2022-ի նախընտրական փուլում։ Մեր հավաքականը ընդգրկվել էր 5-րդ զամբյուղում։ Վիճակահանությունը կարելի է ասել բարեհաճող էր մեր թիմի համար։ Մեր ընտրանին ընդգրկվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյս․ Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը։ 

Տարին բնականաբար կարելի է հաջողված գնահատել ազգային հավաքականի համար, իսկ մենք իհարկե սպասում ենք մեր ընտրանուց նորանոր հաջողություններ։

Հեղ․ Դերենիկ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով