«Չելսին» փնտրում է Ֆրենկ Լեմպարդին փոխարինելու տարբերակներ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ամենայն հավանականությամբ կլքի ակումբը։ Չնայած նրան, որ «Չելսին»շատ լավ էր սկսել առաջնությունը, այնուհանդերձ վերջին 10 խաղում թիմը տարել է ընդամենը 3 հաղթանակ, հաղթելով՝ Սևիլլային, Լիդսին և Վեստ Հեմին։ Խաղացել է նույնքան անգամ ոչ-ոքի և պարտվել 6 խաղում։
Երեկ կայացած «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո սկսեցին ավելի ու ավելի տարածվել շշուկները, որ Լեմպարդը կհեռանա թիմից։ Լոնդոնյան ակումբը երեկ կայացած խաղի միայն առաջին խաղակեսում բաց էր թողել միանգամից 3 գնդակ։ «Չելսին» 2-րդ խաղակեսում խփեց 1 գնդակ, սակայն դա բավարար չէր ցանկալի արդյունքին հասնելու համար։ Լեմպարդի գլխավորած թիմը նույն հաշվով պարտվել էր նաև լուրջ ճգնաժամի մեջ գտնվող «Արսենալին»։ Կարելի է հետևություններ անել, որ «Չելսիի» խնդիրները շատ խորքային են։ Այս ամենից զատ, ինչպես հայտնում է The Athletic-ը Լեմպարդը նաև լարված հարաբերությունների մեջ է թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։
Վարկած կա, որ թիմը կարող է գլխավորել ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Եթե «Չելսիի» ղեկավար կազմը որոշի հեռացնել Լեմպարդին, ապա դա պետք է անի մոտակա օրերին, քանի որ արդեն փետրվարին «Չելսին» ՉԼ-ի ⅛ եզրափակչում մրցելու է «Աթլետիկոյի» հետ, ինչը սկզբունքային և կարևոր խաղ է լինելու։