2020թ-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի համար կարելի է հաջողված համարել

2020թ-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գրանցեց բավականին հաջողություններ։ Տարին կամփոփենք  հավաքականի ավագ Սարո Գալստյանի հետ․

 

-Բարև Ձեզ։  Նախ ցանկանում եմ շնորհավորել ֆուտզալի հավաքականի փայլուն արդյունքների ու Եվրո 2022-ի նախընտրական փուլ դուրս գալու համար։

-Բարև Ձեզ։ Շնորհակալ եմ։

-Դեռ փետրվարին խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը կարողացաք անցնել հաջորդ փուլ։ Արդյո՞ք մեր մրցակիցները՝ Բելգիան, Մոնտենեգրոն ու Շոտլանդիան հեշտ  մրցակիցներ էին ու նրանցից , ո՞ր հավաքականին կհամարեք ամուր ու կայուն։

 

-Մի բան կարող եմ ասել, ֆուտզալում այսօր հեշտ մրցակիցներ չկան, ապացույցը՝ մեր վերջին խաղում խմբի ետնապահ Շոտլանդիայի հետ ոչ-ոքին էր։ Ֆավորիտը հենց սկզբից Բելգիան էր, բայց այդ խաղում էլ ունեինք շանսեր, որոնք չօգտագործեցինք ու պարտվեցինք։ Մոնտենեգրոն էլ ամուր թիմ ուներ, բայց մենք հաղթեցինք ու այդ հաղթանակի շնորհիվ անցանք հաջորդ փլեյ օֆֆ։

 

-Հաջորդ հարցս վերաբերում է հենց Շոտլանդիային։ Ի՞նչն էր պատճառը, որ խմբի ետնապահին չհաղթեցինք, այլ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

 

-Առաջին հերթին պահերի իրացումներ, իսկ իրենք կարելի է ասել օգտագործեցին իրենց բոլոր պահերը, բայց հավասարեցնելուց հետո արդեն մենք ռիսկի չդիմեցինք, որովհետև ոչ-ոքիի դեպքում ապահովում էինք մեր տեղը փլեյ օֆֆում։

 

-Փլեյ օֆֆի վիճակահանության ժամանակ իմացաք, որ Ձեր մրցակիցը Բուլղարիան է։ Խաղերը անցկացվելու էին ապրիլ ամսին, սակայն համավարակի պատճառով այդ խաղերը հետաձգվեցին։ Ինչպե՞ս ընդունեցիք այդ փաստը։

 

-Մենք անհամբեր սպասում էինք այդ խաղերին, բայց ամբողջ աշխարհում այնպիսի իրավիճակ էր, որ պետք է բոլորս ընդունեինք, համակերպվեինք ու սպասեինք վերջնական որոշմանը խաղերի անցկացման վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ արդյունքում ավելի լավ եղավ, որովհետև դեկտեմբերին մենք կարողացանք մեր նորեկներին էլ հայտավորենք այս խաղերին, ովքեր մեզ շատ օգնեցին։

 

-Խաղացիք դեկտեմբերին ու անվտանգության նկատառումներից ելելով որոշվել էր, որ 2 հանդիպումներն էլ անցկացնելու էիք Բուլղարիայում։ Արդյոք հեշտ էր նման կարևորության, թե՛ դրսի և թե՛ տնային խաղերը խաղալ Բուլղարիայում։

 

-Իհարկե ավելի հաճելի կլիներ, որ խաղայինք մեր հարկի տակ, բայց ամեն դեպքում, եթե հաշվի առնենք, որ առանց հանդիսական էին անցկացվում խաղերը, իրենք այդքան մեծ առավելություն չստացան տնային խաղերում, իսկ մենք այնպես էինք տրամադրված, որ ընդհանրապես չէինք էլ մտածում, թե որտեղ ենք խաղում։  

 

-Բուլղարիայի դեմ խաղից առաջ հավաքականին միացան մի շարք նորեկներ։ Ինչպե՞ս այդքան կարճ ժամանակում կարողացաք հասկանալ միմյանց խաղաոճը։

 

-Մարզիչների ու թիմի ամբողջ անձնակազմի շնորհիվ։ Բոլորն էլ շատ արագ մերվեցին թիմին, թե խաղային առումներով և թե մնացած առումներով։ Իրենք էլ լինելով բարձրակարգ խաղացողներ շատ դժվարություններ չունեցան թիմին ինտեգրվելու հարցում։

 

-Հաղթելով 0-4 և 3-1 հաշիվներով անցաք հաջորդ փուլ։ Ինչպե՞ս կմեկնաբանես խաղերի արդյունքները։ Արդյոք համավարակն ու պատերազմական իրավիճակը իրենց հետքը թողել էին արդյունքների վրա։

 

-Ամեն ինչն էլ թողեց իր հետքը։ Մենք էլ գիտակցում էինք այս խաղերի կարևորությունը, թե մեր, թե ամբողջ երկրի համար ու տրամադրվել էինք մեր հաղթանակով գոնե մի փոքր ուրախություն պարգևել մեր ժողովրդին ու կարծում եմ ստացվեց։

 

-Հաջորդ փուլում մեր մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականները։ Ի՞նչ կասեք խմբի մասին և ինչպե՞ս կգնահատեք մեր շանսերը տվյալ խմբում։

 

-Կարծում եմ բոլորն էլ ովքեր ֆուտզալին ծանոթ են, կասեն, որ սա ամենաուժեղ խումբն էր։ Ռուսաստանը աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ֆրանսիան ու Վրաստանն էլ շատ ուժեղ ընտրանիներ են, բայց մենք էլ պետք է պայքարենք ամեն խաղում ու կարծում եմ ևս մի քանի նորեկների դեպքում իրատեսական կլինի պայքարել գոնե 2-րդ տեղի համար։

 

-Եթե ընդհանուր ամփոփենք տարին հայկական ֆուտզալի համար, ապա ինչպե՞ս կգնահատեք այն։

 

-Հավաքականի համար իհարկե կարելի է հաջողված համարել, բայց պետք է սրանով չբավարարվել ու ամեն տարի գնալով առաջ պետք է ավելի մեծ հաջողություններ գրանցել ու նպաստել ֆուտզալի մասսայականացմանը ամբողջ Հայաստանում։

 

-Ի՞նչ կարող ենք սպասել ֆուտզալի հավաքականից 2021թ-ին։

 

-Կասեմ մի բան, որ մենք միշտ էլ ամեն ինչ անում ենք մեր ազգին ուրախացնելու համար ու 2021թ-ին ևս ջանք ու եռանդ չենք խնայի դրա համար։

Հեղ․Դերենիկ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով