«Վան» ՖԱ-ի մարզչական կազմում փոփոխություն է տեղի ունեցել

«Վան» ՖԱ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես ավելի վաղ նշել էինք, մեր մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Արթուր Ասոյանը, իսկ նրան կօգնեն Կոնստանտին Զայցևի գլխավորությամբ ռուս մասնագետները։

Մեր ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը այսուհետ կզբաղեցնի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Վստահ ենք, որ Արզումանյանը դեռ շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում և միանշանակ կօգնի Վանի զարգացման գործում։

Ակումբից հեռացել են գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանն ու փոխնախագահ Կարեն Բարսեղյանը։ Երկու մասնագետներն էլ եղել են ակումբի հիմնադրման ակունքներում և օգնել են ակումբի ստեղծմանն ու կայացմանը։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություններ հետագայում»: