Ֆուտբոլասերները վերադառնում են մարզադաշտ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի պրեմիեր լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից։ Դրա հետ մեկտեղ հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցով սահմանված համապատասխան դրույթները։

Հայտարարության մեջ տեղ է գտել նաև հանդիպումների անցկացման վայրերի փոփոխությունների մասին որոշումները։ Ըստ այդմ՝

«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ:

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ:

«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ մրցափուլից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:

 

Չնայած այն բանին, որ շատերը պնդում են, թե Հայաստանում երկրպագուները չեն այցելում մարզադաշտ, մենք ներկայացնենք թվեր՝

2019/20 մրցաշրջանի բացման՝ «Շիրակ»-«Ուրարտու» (3։1) հանդիպմանը ներկա է գտնվել 700 հանդիսական։

1-ին մրցափուլի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» (2։1) հանդիպմանը ներկա է եղել 400 հանդիսական։

2-րդ մրցափուլի «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» (2։1) հանդիպմանը ներկա է եղել 500, իսկ 3-րդ մրցափուլի «Շիրակ»-«Փյունիկ» (3։1) հանդիպմանը 800 հանդիսական։

Պատկերացրեք, թե ինչքան երկրպագու կայցելեր մարզադաշտ, պայմանականորեն ընդունենք անչափ կարևոր ու մրցակցային տեսանկյունից շատ լարված «Նոա»-«Շիրակ» կամ «Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումներին, եթե չլիներ կորոնավիրուսային համաճարակը։
2020/21 մրցաշրջանում եղավ մի հատված, երբ 2-3 տուրի միջակայքում երկրպագուները կարողացան ներկա գտնվել խաղերին։ Օրինակ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» 5։0 (հանդիպումը տեղի է ունեցել Գյումրիում) ու «Շիրակ»-«Արարատ» 0։3 հանդիպումներին Գյումրու «քաղաքային» մարզադաշտի արևմտյան տրիբունան բավականին մարդաշատ էր։
Հուսանք, այլևս ոչինչ չի խանգարի երկրպագուներին վայլելու իրական խաղն ու զգալու անմոռանալի էմոցիաներ։