ՉԼ. Գոլառատ խաղում «ՊՍԺ»-ն հաղթեց «Բավարիային»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայացավ ամենասպասված խաղերից մեկը։ Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «ՊՍԺ»-ին։

Չնայած նրան, որ բուքմեյքերների ֆավորիտի կարգավիճակում տեսնում էին գերմանական ակումբին, այնուամենայնիվ Փարիզը ներկայացնող թիմը կարողացավ հաղթել 2-3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապպեն։ 28-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Մարքինիոսը։ Մինչև ընդմիջման գնալը` 37-րդ րոպեին, ֆրանսիական ակումբի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը կրճատեց հաշվի տարբերությունը, հանդիպման հաշիվը դարձնելով 1-2։

2-րդ խաղակեսի մեկնարկից 15 րոպե անց` 60-րդ րոպեին, հանդիպման հաշիվը հավասարեցրեց Թոմաս Մյուլերը, սակայն դրանից ընդամենը 8 րոպե անց Մբապպեն ձևակերպեց դուբլ ու վերջակետ դրեց հանդիպմանը։

Չմոռանանք նշել նաև վիճակագրության մասին։ Գերմանական ակումբը Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասի ուղղությամբ հարվածել է 31 անգամ, որոնցից 12-ը ընթացել են ուղիղ դարպասին։

Ֆլիկի սաները անկյունային են վաստակել 15 անգամ, այն ինչ Պոչետինոյի գլխավորած թիմը անկյունայինի իրավունք է ստացել ընդամենը 1 անգամ։

Այնուամենայնիվ այս ամենը չխանգարեց «ՊՍԺ»-ին ձեռք բերել լուրջ առավելություն պատասխան հանդիպումից առաջ, որը կկայանա ապրիլի 13-ին։