Մ23 ԵԱ․ Հայ ըմբիշները կպայքարեն ոսկե մեդալների համար․ Բոլոր արդյունքները

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Հայ ազատոճայինները փայլուն արդյունքներ գրանցեցին։

57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը որակավորման փուլում 4։3 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Ստեչելեին, սակայն քառորդ եզրափակչում 1։11 հաշվով ցավալիորեն զիջեց իտալացի Սիմեոնե Պիռոդուին։

61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը նախ 1/4 եզրափակչում 9։6 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության մատնեց թուրք Էմրահ Օրմանողլուն՝ 3։2 հաշվով։ Եզրափակիչում, հայ ըմբիշի մրցակիցը կլինի վրացի Թեյմուրազ Վանիշվիլին։

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը 1/8 եզրափակչում 10։4 հաշվով հաղթեց վրացի Գիորգի Չոլաձեին։ Ցավոք մեր ըմբիշը քառորդ եզրափակչում զիջեց ազգությամբ հայ Էրիկ Առուշանյանին, ով ներկայացնում էր Ուկրաինան։ Սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշը 8։3 հաշվով զիջեց թուրք Ջավիդ Արչարին։

70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ բելառուս Դանիլ Ամելյանչիկի նկատմամբ, քառորդ եզրափակիչում Արմանը 3։0 հաշվով հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Նորբերտ Մոլնոսին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը ցավալի պարտություն կրեց մոլդովացի Նիկոլաի Գրահմեզից՝ 4։3 հաշվով։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը հաղթեց ուկրաինացի Դենիս Բորոհանին՝ 3։2 հաշվով, նվաճելով Հայաստանի առաջին մեդալը առաջնությունում։

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրայր Ալիխանյանը, ով 1/8-ում ջախջախեց ավստրիացի Սիմոն Մարչլին՝ 10։0 հաշվով, քառորդ եզրափակիչում առավելության հասավ թուրք Իսա Դեմիրի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում չնկատեց հույն Ջեորջիուս Կուգիումցիդիսին հաղթելով՝ 12։2 հաշվով։ Եզրափակիչում, Հրայրը ոսկե մեդալը կվիճարկի ռուս Չերմեն Վալիևի հետ։

79 կգ քաշային Արման Ավագյանը 1/8-ում 6։0 հաշվով հաղթեց լեհ Պատրիկ Վլադչիկին, ապա քառորդ եզրափակիչում զիջեց թուրք Ռամազան Իսհակ Սարրին։ Արմանն անցկացրեց սփոփիչ գոտեմարտ, որտեղ 2։1 հաշվով հաղթեց գերմանացի Կոնստանտին Շաիլբեին, ապա բրոնզե մեդալի համար պայքարում 7։4 հաշվով առավելության հասավ վրացի Գոգա Մամիաուրի նկատմամբ։

125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը Հովհաննես Մաղաքյանն էր, ով որակավորման փուլում հաղթեց ավստրիացի Տիմոն Յոհան Հասլվոնտերի՝ 13։3 հաշվով, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Վախիտ Գալայևին ու դուրս մնաց հետագա պայքարից։

86 կգ, 92 կգ և 97 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չուներ։

Հայ ըմբիշների մասնակցությամբ բոլոր եզրափակիչները տեղի կունենան վաղը։

ArmenianEnglishRussian